Շաբաթվա վերջում անսպասելիորեն քրեական լրահոս վերադարձավ հանգուցյալ գեներալ-լեյտենանտ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի անունը:
Դատարանը դատախազության պահանջով կալանք դրեց Գրիգորյանի, նրա կնոջ և երեխաների գույքի վրա: Նրանք բոլորը հրավիրվեցին դատախազություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի՝ ապօրինի լինելու մասին ուսումնասիրությանը և իրենց դիրքորոշումը հայտնելու։
Կալանքը կիրառվեց որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Դատախազությունը հայտնեց, որ Գրիգորյաններին ժառանգության իրավունքով պատկանող գույքը ենթակա է բռնագանձման և որ «մահվան հանգամանքը չի բացառում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը»։
Ինչո՞ւ է դատախազությունը հենց Արցախյան պատերազմի մահացած հերոսի գույքի օրինկանության շուրջ գործընթաց սկսել, կան բազմաթիվ այլ կերպարներ, ապօրինի հարստացած, ո՞րն է ընտրության սկզբունքը:
Ի պատասխան, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Forrights.am-ին հայտնեց, որ մոտ 20 անձի վերաբերյալ ավարտված ուսումնասիրություններ կան, երեք գործ արդեն դատարանում է:
«Որևէ կապ չունի՝ սուբյեկտը, եթե առկա է ուսումնասիրության օրինական հիմք, այն նախաձեռնվում է։ Այսինքն պատճառը ամենևին չի եղել կոնկրետ այն համգամանքը, որ խոսքը Մանվել Գրիգորյանին է վերաբերում», — ասաց նա:
Բոլոր կոռուպցիոն հանցակազմով վարույթների դեպքերով առանձին ուսումնասիրությո՞ւն է արվում:
«Այն դեպքերում, եթե կա կասկած, որ տվյալ անձի գույքը անհամապատասխան է նրա օրինական եկամուտներին։ Օրենքով սահմանված 4 հիմք կա, որոնք բոլորն էլ կապված են քրեական վարույթի առկայության հետ։ Եթե առկա են այդ հիմքերը և առկա է կասկած, որ անձի գույքը չի համապատասխանուն նրա և նրան փոխկապակցված անձանց գույքի ծավալին, հարուցվում է ապօրինի ծագում ունեցող գույքի պարզման, ուսումնասիրության վարույթ։ Ընդ որում՝ օրենքը հստակ տարբերակում է, թե քրեական օրենսգրքի որ հոդվածների շրջանակներում իրականացվող քրեակա վարույթի պարագայում կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրություն սկսվել։ Ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն հանցակազմերն են, բայց կան նաև այլ հանցագործության տեսակներ։ Դրանք այն հոդվածներն են, որոնք կապված են ֆինանսական շրջանառության հետ», — պատասխանեց գլխավոր դատախազի խորհրդականը:
Հայտնեց նաև, որ դատարանի կողմից ընդունվել է վարույթ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանի գույքի վերաբերյալ ապօրինի բռնագանձման հայցապահանջը։ «Մոտ 300 ուսումնասիրություն է իրականացվում, մոտ 20 անձի մասով արդեն ավարտվել են»։
Գրիգորյանների փաստաբան Լևոն Բաղդասարյանը կոշտ արձագանքեց՝
պետական լիազոր մարմինը իրավունք չուներ հայտարարություն տարածել, որ բռնագանձման է գնալու:
«Կապ չունի, Մանվել Գրիգորյանն է, ես եմ, դուք եք, երրորդ անձն է՝ պետք է նման դեպերում լինել բավականին զգույշ և հաշվի առնել նաև անմեղության կանխավարկածը: Անթուլատրելի է, եթե դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն է գցում հասարակության բերանը և ասում է՝ ժառանգ չէ, ով ուզում է լինի, հեսա բռնագանձելու եմ: Դատախազը այն ժամանակ կարող է նման հայտարարություն անել, երբ ունենա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Դատախազությունը պետք է հանրությանը ավելորդ չցնցի: Պետք է հասկանան, ով էլ ուզում է լինի, դիմացինը մարդ է, և մարդը բարձրագույն արժեք է: Եթե օրինական դատական ակտ լինի բռնագանձման վերաբերյալ, առաջին քար քցողը ես կլինեմ էդ ընտանիքի վրա», — ասում է Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ ակնառու զինվորական, «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ Գրիգորյանի մասին արմատավորված կարծքի կա, որ նա սարսափի մեջ էր պահում Էջմիածին քաղաքը, թաթախված է եղել կոռուպցիոն և սկանդալային բազմաթիվ պատմություններում, զինվորական հանցագործություններում:
2018-ի հեղափոխությունից հետո մեղադրվեց ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, հարկերից խուսափելու, վատնումների ու շորթմամբ գույք հափշտակելու մեջ: Գրիգորյանը մեկ տարուց ավելի պահվեց բանտում, հետո ազատ արձակվեց առողջական ծանր վիճակի պատճառով,իսկ ապա 44-օրյա պատերազմի ավարտից տասն օր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացավ:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: