Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է տվել Հանրապետության նախագահի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սահմանադրության 5-րդ գլուխը նախատեսում է նման դեպքերում ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարման և նոր նախագահի արտահերթ ընտրության կարգը:
Մասնավորապես, ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Հանրապետության նախագահը, ինչպես 123-րդ հոդվածն է սահմանում, պետության գլուխն է, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Արմեն Սարգսյանը Հանրապետության նախագահ էր ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018թ. ապրիլին՝ յոթ տարի ժամկետով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: