Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում է զինծառայողների ընտանիքներին հիմնադրամից հատկացվող հատուցմանը։
«Հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների ընտանիքի անդամներին տրվում է հատուցում՝ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի կողմից։ Օրենքով սահմանված է, որ զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայելու ճանաչվելու դեպքում շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակները և ծնողները։ Ինձ հայտնի է դարձել 16 դեպք, եբ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցները չունեն կին, զավակներ, միաժամանակ, չունեն նաև ծնողներ։ Եվ այս 16 զինծառայողների մասով հատուցում չի տրամադրվել ընտանիքի որևէ անդամի։ Սակայն իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր այս 16 դեպքով մեր զինծառայողներն ունեն հարազատ եղբայր, տատ և պապ։ Առաջարկում եմ օրենքում կատարել փոփոխություն և այն զոհված զինծառայողների մասով, ովքեր չունեն կին, զավակներ, միաժամանակ, չունեն նաև ծնողներ, շահառու ճանաչել նրանց հարազատ եղբայրներին, քույրերին, տատերին և պապերին»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Պատգամավորն առաջարկում է նաև շահառու ճանաչել զոհված զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ գտնվող, սակայն ամուսնության պետական գրանցում չստացած կանանց։ Ըստ Հայկ Սարգսյանի՝ հայտնի են դարձել բազմաթիվ դեպքեր, երբ զինծառայողն ամուսնացել է, ունեն համատեղ զավակ, սակայն զույգերը «զագս» չեն գնացել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: