ՀՀ իրավական վերնախավում Վլադիմիր Գասպարյանը պահապան հրեշտակներ ունի

219

ՀՀ գլխավոր դատախազությունը չի հաստատել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործով մեղադրականը և վերադարձրել է այն հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության: Հիշեցնենք, հակակոռուպցիոն կոմիտեն  փաստեր ուներ, որ 2000-2018 թվականների ընթացքում Գասպարյանի կինն ու դուստրը ձևակերպված են եղել որպես աշխատողներ ՊՆ ռազմական ոստիկանությունում եւ ՀՀ ոստիկանությունում, սակայն չեն իրականացրել ծառայություն, աշխատանքի չեն ներկայացել, չեն կատարել իրենց պարտականությունները, և անհիմն ստացել են որպես վարձատրություն 45 մլն ՀՀ դրամ:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել  բազմաթիվ հոդվածներով՝ փողերի լվացում, յուրացում կամ վատնում, պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական անփութություն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական եւ չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որեւէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարեւոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, եւ այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացւցիչը News.am-ի հետ զրույցում:

Փաստորեն, Վովայի գործով բացահայտվեց հակասություն Սասուն Խաչատրյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջև, գուցե, նաև պատերա՞զմ: Դատախազությունում այս կարծիքը չեն կիսում:

«Ոչ մի պատերազմ չկա, նորմալ դատավարական գործընթացներ են: Ոչ առաջին անգամն է, որ այս փուլում քրեական գործ է ետ ողւարկվում՝ լրացուցիչ քննության, ոչ էլ՝ վերջինն է լինելու՝ ընդհանուր առմամբ, կոնկրետ Հակակոռուպցիոն կոմիտեին նկատի չունեմ», — ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ինչու է այնուամենայնիվ  լրացուցիչ քննություն պահանջվում, ի՞նչն այն չէ:

Նախաքննության դետալները չմանրամասնելով, Աբրահամյանը ընդամենը  նշեց, որ մեղադրական եզրակացությունը հաստատելուց և գործը դատարան ուղարկելուց հետո բացառապես դատախազն է պատասխանատու մեղադրանքի պաշտպանության համար:

«Հիմա տվյալ դեպքում դատախազը համարել է, որ գործով դեռևս անհրաժեշտ է իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության ապահովմանն ուղղված  գործողություններ և գործը ետ ուղարկելով՝ տվել է կոնկրետ ցուցումներ: Եթե քննիչը համաձայն չէ դրանց հետ, քրեադատավարական օրենքը հստակ ընթացակարգ է սահմանում՝ ներկայացնելու առարկություններ վերադաս դատախազին: Երբ կներկայացվեն նման առարկություններ, պատշաճ ընթացակարգով կուսումասիրվեն հիմքերն ու պատճառաբանությունները և դրանից ենելով կկայացվի օբյեկտիվ որոշում առարկություններն ընդունելու կամ դրանք մերժելու վերաբերյալ: Նախաքննական մարմնի պարտականությունն է յուրաքանչյուր գործով ապահովել առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն», — ասում է գլխավոր դատախազի խորհրդականը:

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին երկու տարում մեղադրանքների ահռելի դոսյե է հավաքել նախկին ոստիկանապետի դեմ՝ պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված «իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ»», որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, Գասպարյանն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով եւ այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Նշվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքի արժեք՝ 2 մլրդ 116 մլն դրամ: Սակայն մեղադրանքներից ոչ մեկը գոնե նախաքննության ավարտին չի հասնում: Ակնհայտ է, որ ՀՀ իրավական վերնախավում ՀՀ նախկին ոստիկանապետը պահապան հրեշտակներ ունի: Առկա է  որոշակի արգելակում նրա դեմ լիարժեք քրեական հետապնում իրականացնելու հարցում: Գործադիրն էլ առանձնապես չի ցանկանում «նեղացնել» Վովային:

Հիշենք, թե ինչպես էր ՀՀ շրջակա  միջավայրի նախարար, ներկայում ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը անցյալ գարնանը հայտարարում, որ Սևանի ափամերձ տարածքներից ապամոնտաժվում են ապօրինի շինութուններ, «զոռբայությամբ կառուցված դղյակներ»: Պարբերաբար ապամոնտաժված օբյեկտների թվեր էին հրապարակվում, սակայն  նախկին ոստիկանապետի ընտանիքին պատկանող ափամերձ դղյակին այպես էլ նախարարության ձեռքը չհասավ: