Նարեկ Կատանյանը ընտանիքի երեք որդիներից կրտսերն էր: Նրա մասունքները հայտնաբերել է եղբայրը` Դավիթը` փորելով այն փոսը, որտեղ թշնամին լցվել ու այրել էր ոչ միայն Նարեկի, այլ եւս 19 զինվորների դիեր:

Նարեկը ծնվել ու մեծացել էր Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Նա Քառօրյա պատերազմի մասնակից էր: Իսկ պատերազմից ընդամենը մեկ շաբաթ առաջ դուրս էր եկել ոստիկանության զորքերում ծառայությունից:

Նրա ավագ եղբայրը զինվորական է, եւ պատերազմի հենց առաջին օրը մեկնել էր Արցախ, իսկ Նարեկն ու Դավիթը կամավորագրվել ու  Ջրական էին մեկնել հաջորդ օրը: 18 օր անց նրանք մեկ օրով վերադառնում են տուն` նշելու իրենց ծննդյան օրը:  

«Նույն օրն էլ նրանք վերադարձան Կապանի գունդ: Այդտեղից նրանք երեք ավտոբուսով տեղափոխում են Զանգելանի թաղամաս, եւ այնտեղ նրանց դիմավորում են թուրք դիվերսանտները: Այդ օրը` հոկտեմբերի 21- ից մեր գյուղից երեք ջահել այլեւս չհայտնվեցին… տղաս ինձ զանգեց, ասեց` պապա, Նարեկին կորցրեցի»,- պատմում է Լեւոն Կատանյանը:

Նրա խոսքով, կրտսեր որդին` Դավիթը այդ ժամանակ Նարեկի հետ չի լինեւմ: Իմանալով եղբոր անհետացման մասին, նա երկու ամիս շարունակ որոնողական աշխատանքներ է տանում:

«Հունվարի 10-ին բերեց ԴՆԹ-ները: Իմ Նարեկի ԴՆԹ-ն հաստատվեց մայիսի 14-ին…  Դավիթն է գնացել ու հանել փոսից: Մի փոսը արել են, 19 հոգու գցել, վառել են: Ինքն է գնացել հանել: Մի զոհվածի երկու եղբոր հետ միասին մասունքները հավաքել են: Թուրքը կանգնած, ռուսը կանգնած: Իրենց տարածքում է եղել: Պատմում է` տրակտորը փորում էր, մենք մասունքներ էինք հանում: Ոչ մեկն ամբողջական չի եղել»,- ասում է հայրը:

Դավիթը այդ ամենից հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ, եւ ամիսներ շարունակ հոգեբանի հետ է աշխատել: Այժմ իրեն լավ է զգում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ եղբոր ու նրա հետ զոհված տղաների հետ տեղի ունեցածը սխալ հրամանի հետեւանք էր: Ինքը այժմ հետեւում է  դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքին, գործով էլ անցնում է որպես վկա:

Նշենք, որ դեռ անցած տարվա մարտին հայտնի էր դարձել, որ ՀՀ Զինված ուժերի գխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Հոդվածի տվյալ մասով 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում է սահմանված ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, եթե այն կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

Մակարյանի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Կատանյանները հիշում են, որ պատերազմի ժամանակ երբ եղբայրները իրենց ծննդյան օրը նշելու համար մի քանի ժամով տուն էին եկել, իրենց  « Հաղթելու ենք» գրությամբ տորթ էին պատրաստել: Այդ կարգախոսը տեսնելով, Նարեկը դառը ժպտացել էր ու ասել. «Մոռացեք»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest