Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Այս մասին հայտնում են դատախազությունից։
18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Գասպարյանը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա գեներալ-լեյտենանտն, ըստ իրավապահների, 2000-2018-ի ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, կոռուպցիոն բնույթի այլ արարքներ։
Այս գործողությունների արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, և դրանց ծագումը թաքցնելու համար գրանցել է այլ անձանց անուններով, պնդում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որը գործի նախաքննության ավարտի մասին հաղորդեց 5 օր առաջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: