Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայությունից ազատել զոհվածների եղբայրներին

194

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների զոհերի կրտսեր եղբայրներին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը:

«Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,- նշվում է նախագծում:

Առաջարկվում է փոփոխություն կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և հանել «ընտանիքի միակ արու զավակն է» բառերը՝ այդկերպ զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե ոչ: