Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»։
Բերձորի քաղաքապետ՝ Նարեկ Ալեքսանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացին ունեցել է մտավոր խնդիրներ։
«Տղամարդը մտավոր խնդիրներ ունի։ Չի բացառվում, որ նա ինքն է այնտեղ գնացել և բացի դրանից, քանի որ իր բնակավայրն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ նախկինում ևս Անդրանիկը փորձել է գնալ, տեսնել իր տունը։ Այսօր նաև մառախուղ էր, չի բացառվում նաև, որ պարզապես մոլորվել է»,– նշել է Ալեքսանյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: