Գերությունից վերադարձած երեք զինծառայողի քրգործի նախաքննություն ավարտվել է, շուտով կուղարկվի դատարան

129

2021 թվականի դեկտեմբերի 4-ին գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանի, Սերժիկ Ամիրխանյանի և դեկտեմբերի 29ին հայրենադարձված Արման Խաչատրյանի առաջադրված մեղադրանքի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այն առաջիկայում մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան: Այս մասին forrights.am-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Քրեական գործի ավարտ է հայտարարվել: Քննչական խումբը գտնում է, որ արդեն ավերատել է իր աշխատանքը, գործերը մեզ է տրամադրված է  ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար: Սրանից հետո գործը կուղարկվի դատախազություն, իսկ դատախազությունն էլ՝ մեղադրական եզրակացությունով դատարան»,- մանրամասնեց Փաստաբանը: 

Հիշեցնենք՝ Ռոբերտ Նալբանդյանը, Սերժիկ Ամիրխանյանը և Արման Խաչատրյանը գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած արյունալի մարտերի ժամանակ: Ընդհանուր այդ օրը գերեվարվել էր 32 զինծառայող, նրանցից վեցը դեռ Ադրբեջանում են: Տեղեկություններ կան, որ առաջիկայում ևս գերիների խումբ է վերադառնալու հայրենիք:

Սերժիկ Ամիրխանյանը և Արման Խաչատրյանը դեռ կալանավորված են, իսկ Ռոբերտ Նալբանդյանը մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ է արձակվել, քանի որ դատարանը չի բավարարել քննիչի մջնորդությունը:

«Ռոբերտ Նալբանդյանը շարունակում է քրեական գործով մնալ մեղադրյալ: Միայն վերացվել է խափանման միջոցը՝ ժամկետը լրանալու կապակցությամբ: Դատարանը դեկտեմբերի 31-ին մերժեց քննիչի միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ գերությունից վերադարձածներին Քննչական կոմիտեն մեղադրում է դիրքերը հանձնելու համար: Ռազմագերիներին այս մեղադրանքերը առաջադրվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբոնից հայտարարեց, որ պետք է հետաքննել գերեվարման յուրաքանչյուր դեպքում ու պարզել պատճառները:

«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև, կներեք, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով, և գուցե թե մենք այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել նաև էմոցիոնալ ֆոնի վրա, պետք է քննվի․ ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում», — հայտարարել էր Փաշինյանը։

Փաշինյանի այս ելույթին հաջորդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված էլ ավելի աղմկահարույց հայտարարություն. «գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել ու հայտնվել են գերության մեջ»:

Ռուբեն Մելիքյանը նշում է՝մասնավորապես, Ռոբերտ Նալբանդյանը գերության մեջ են հայտնվել շփջափակման մեջ լինելու և Զինված ուերից համապատասխան օգնություն չստանալու պատճառով:

«Ռոբերտը գտնվել է այդ դիրքում եղել է դիտորդ և նրան մեղադրում են այն բանի համար, որ նա խախտել է մարտական ծառայության կանոններ, ինչն էլ ունեցել է ծանր հետևանք՝ մարտական դիրքի կորուստ: Մեր պատկերացմամբ Ռոբերտը ոչ մի օրենք չի խախտել, քանի որ նա շրջափակման մեջ է գտնվել: Այս տղաները պետք է ոչ, թե մեղադրյալ լինեին, այլ տուժող, քանի որ մեր պետությունը նրանց անտերության էր մատնել: Մենք գործ ունենք շրջափակման մեջ գտնվող դիրքի հետ, երկու օր առաջ իրենք հայտնվել էին շրջափակման մեջ, իսկ օգնություն այդպես էլ չեն ստացել»,- ասաց նա:

Երկու օր շրջափակման մեջ լինելու մասին պնդումներ, ավելի վաղ, մեզ հետ զրույցում արել էր նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված Արեն Արամյանի եղբայրը: Արեն Արամյանն այժմ կալանավորված է, գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում: Օրեր առաջ փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արամյանը բուժօգնության կարիք ունի, ինչը կալանավայրում հնարավոր չէ կազմակերպել:

Նարեկ Կիրակոսյան