ԱՀ քաղաքացին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի․ ԱՀ ԱԱԾ

164

Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»։

Բերձորի քաղաքապետ՝ Նարեկ Ալեքսանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացին ունեցել է մտավոր խնդիրներ։

«Տղամարդը մտավոր խնդիրներ ունի։ Չի բացառվում, որ նա ինքն է այնտեղ գնացել և բացի դրանից, քանի որ իր բնակավայրն անցել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ  նախկինում ևս Անդրանիկը փորձել է գնալ, տեսնել իր տունը։ Այսօր նաև մառախուղ էր, չի բացառվում նաև, որ պարզապես մոլորվել է»,– նշել է Ալեքսանյանը։