«Դադարեցրե՛ք երեխեքի սպանդը», «Մայրերը սպասում են որդիներին». Բողոքի ակցիա կառավարության դիմաց

172

«Դադարեցրե՛ք երեխեքի սպանդը», «Մայրերը սպասում են որդիներին»:

Այսօր այսպիսի պաստառներով կառավարության շենքի առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց անցկացրեցին: Նրանք պահանջում էին, որ 18–ից 20 տարեկան զինվորներին չտանեն առաջնագիծ առանց պաշտպանվածության։

«18–ից 20 տարեկան երեխաները չպետք է գնան առաջնագիծ, անպաշտպան, բաց օդով, վատ հանդերձանգով, սահմանին առանց զենքի, նրանք թնդանոթի միս չեն։ Ես պահանջում եմ կանգնեցնել այս խայտառակությունը։ Մեր կառավարությունը ի վիճակի չէ բանակային ռեֆորմներ իրականացնել, թող հեռանան, ով կարող է՝ թող գա ու իրականացնի այդ ռեֆորմները։ Ես ուզում եմ արժանապատիվ խաղաղություն լինի, իսկ դա անողը պետք է կարողություն ունենա, ես այդ կարողությունը չեմ տեսնում հիմա»,– լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Շողեր Մաթեւոսյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, որ այսպես շարունակվել չի կարող.«Իբր խաղաղ պայմաններում մենք շարունակում ենք զոհեր ունենալ։  Էսպես չի կարող շարունակվել, պետք է նոր մեխանիզմներ մտածել։ Կարծում եմ՝ սրա լուծումը կարող է լինել, օրինակ՝ միջազգային խաղաղապահ ուժերի, մոնիտորինգային խմբերի ներգրավումը այս տարածաշրջանում, բայց այն ինչ մեզ առաջարկվում է՝ չի աշխատում»:

Իզաբելլա Սարգսյանի խոսքով, կառավարությունը  պետք է բոլոր ջանքերը գործադրի՝ այս հարցին վերջ դնելու համար: «Ինչի՞ են մարդիկ գալիս իշխանության, գալիս են, որ հարցերը լուծեն, եթե չեն կարող լուծել, ուրեմն՝ չեն կարող: Ընդհանրապես, մարդիկ չպետք է զոհվեն, խաղաղ բնակիչները չպետք է զոհվեն, մենք պետք է դնենք խնդիր, որ այս հարցը լուծվի, վե՛րջ»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է` պետք է բանակային խոշոր բարեփոխում անել. «Պատերազմից հետո կառավարությունը հնարավորություն չի տալիս ժողովրդին նորմալ կյանքի վերադառնալու: Երբ պետք է Ղազախստան զորք ուղարկեին՝ արագ մեթոդը գտնում են, ուրեմն թող մեթոդը գտնեն, իրենց քաղաքացու կյանքը պաշտպանելու: Սա այն պետությունն է, որը կարողանում է գերեզմանատները նորմալ տեխնիկայով ապահովել, իսկ սահմանային ինժեներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում: Դա նորմալ չի»: