Ադրբեջանական գերությունից վերադարձած և արդեն մեկ ամիս կալանքի մեջ գտնվող պայմանագրային զինծառայող Արեն Արամյանի առողջական վիճակը գնալով վատանում է և այն հնարավոր չէ բուժել քրեակատարողական հիմնարկում: Այս մասին ահազանգում է նախկին ռազմագերու փաստաբան Արա Կարապետյանը:
«Մեկ-երկու բժիշկ են այցելել Արենին, բանավոր հայտարարել են, որ վիճակը վատ է, պետք է մանրակրկիտ հետազոտվի: Սակայն, դեռ ոչ մի արձագանք չունենք, հարցումներ ենք կատարել ՔԿԾ-ին, որ տեղափոխենք հիվանդանոց, բայց պատասխան դեռ չենք ստացել: Արենի մոտ նյույն վիճակն է, ինչ մեկ ամիս առաջ»,- ասաց Արա Կարապետյանը:
Արեն Արամյանը Նոյեմբերի 16-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծում տեղի ունեցած արյունալի մարտերի ժամանակ է գերեվարվել: Տաս օր գերության մեջ մնալուց հետո նա փոխանցվել է հայկական կողմին, որից հետո կալանավորվել է: Այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում է:
Մարտական գործողությունների ժամանակ Արեն Արամյանը մարմնական վանսվածքներ է ստացել, որոնք խորացել են նախ Ադրբեջանի, այժմ էլ Հայաստանի բանտերում:
«Ծնկի շրջանում հրազենային ծանր վնասվածք ունի՝ բազմաբեկոր կոտրվածքներով, գերի ընկնելուց հետո հարվածներ է ստացել գլխի շրջանում, կարեր կա դրված գլխի վրա: Արեն Արամյանի փոխանցմամաբ մոտը գլխապտույտներ է առաջանում: Ոտքն այս պահին անշարժացած է, բերած օրվանից այդ վիճակում է: Պետք է կանգնել վերականգնողական բուժում անցի, որն այս պահին հնարվոր չէ: Պաշտոնատար անձիք որևէ հետևողականություն չեն ցուցաբերում, որ վիճակն ավելի չծանրանա»,- ասում է փաստաբանը և շարունակում, եթե այժմ անհրաժեշտ բուպգնություն չցուցաբերվի քայլելու հետ կապված խնդիրներ կառաջանան:
«Ոտքն անշարժացած է, երկու հենակների օգնությամբ է շարժվում, մեկ ոտքն է կարողանում գետին դնել: Ըստ բժիշկների պետք է ոտքն այդ անշարժացած վիճակից դուրս բերվի, որից հետո պետք է անցնի վերականգնողական բուժում, ինչը ՔԿՀ տարածքում հնարավոր չէ իրականացնել»,- նշեց նա:
28-ամյա կրտսեր սերժանտ Արեն Արամյանը ծառայել է Վանաձորի «Դուցի» զորամասում, պայմանագրային զինծառայող է: Արեն Արամյանը ենթասպայական հաստիքով վաշտի ավագն է եղել, հուլիսյան և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից, որի ընթացքում բեկորային վիրավորումով է ստացել։ Արենը գլխի երկու վիրավորումն է ստացել պատերազմի դաշտում։
Ավելի վաղ հարազատները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ նոյեմբերի 14-16-ին մասնակցել է Սյունիքի մարտերին, այդ օրերին եղել է շրջափակման մեջ: Արենն այս մասին ընտանիքին տեղեկացրել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, որից հետո նրա հետ կապը կորել է:
«Երեք պոստ շրջափակված է եղել, Արենը դրանցից մեկում է եղել: Ասաց, որ շրջափակման մեջ եմ…նոյեմբերի 14-ից 16-ը եղել են շրջափակման մեջ: Իրենց ոչ կարողացել են սնունդ հասցնել, ոչ վառելիք, ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: Ես, որ փաստերը վերլուծում եմ հասկանում եմ, որ այդ մարդիկ մնացել են բախտի քմահաճույքին:
Ինքը շրջափակման մեջ էր, բայց մեզ ասում էր՝ մենք մեր հողը պետք է պահենք: Արենենց գումարտակի հրամանատարը Սյունիքի հրամկազմին մի քանի անգամ խնդրել է, որ զորքը հետ հանեն այդ տարածքից, մարդկանց փրկեն, բայց իրենց բանի տեղ դնող չի եղել: Իմ ախպերը միանշանակ կռվել է՝ կյանքի գնով: Արենը վիրավորվել է, այս պահին էլ ծնկից վիրավոր է, ծունկն Ադրբեջանում վիրահատել են»,- Forrights.am-ի հետ զրույցում նշել էր եղբայրը՝ Կարեն Արամյանը:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: