42 վիրավորի միայնակ Արցախից Երեւան տեղափոխած Ժիրայրին առաջադրված մեղադրանքը՝ Շուշիից ՈւԱԶ գողանալու գործը, կարճվել է

350

44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին  forrights.am-ի հետ զրույցում հայտնեց կամավորական Ժիրայր Գեւորգյանը: Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ 2021 թվականի  սեպտեմբերին գրել էինք, որ պատերազմի մասնակից Ժիրայր Գևորգյանին Հայաստանի իրավապահները մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ պատերազմի ավարտից ժամեր առաջ  ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա յուրացնելու մեջ:

Ժիրայր Գեւորգյանը նշենք, որ պատերազմին մասնակցելու համար Հայաստան էր վերադարձել Մոսկվայից:

ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա Ժիրայր Գևորգյանի մոտ՝ պետրազմից հետո, իսկապես եղել է, սակայն, նա մեզ հետ զրույցում նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 6-ին Շուշիի մատույցներից մեկում իրեն է մոտեցել փոխգնդապետ, ճշտել որ կարող է վարել ՈւԱԶ-ը և առաջարկել վիրավորներին և զոհերին տեղափոխել Ստեփանակերտ:

Քննության ընթացքում պարզվել է, որ մեքենան Ժիրայրի տրամադրության տակ է հայտնվել վերադաս հրամատարի հրամանով, այլ ոչ թե իր սեփական նախաձեռնությամբ: «Ժիրայր Գևորգյանի արարքում բացակայում է յուրացման հատկանիշ համարվող շահադիտական նպատակը, նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել որևէ ապացույց, որով կհաստատվեր շահադիտական նպատակի առկայությունը Ժիրայր Գևորգյանի արարքներում»,- նշված է քննիչի որոշման մեջ, որը forrights.am-ին է փոխանցել Ժիրայր Գևորգյանը:

Որաշման մեջ նաև կարդում ենք. «մարտական գործողությունների ավարտից հետո, վիրավորներին 11 անգամ Ստեփանակերտի հիվանդանոցից Երևան տեղափոխելուց հետո Ժիրայր Գևորգյանը դիմել է Արցախի ՊԲ, ինրպես նաև ՀՀ ՊՆ-ն՝ մեկքենայի իր մոտ գտնվելու տեղեկությունը փոխանցելու համար»:

Ժիրայր Գևորգյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով քրգործի կարճմանը նշեց, որ արդարությունը համարում է վերականգնված: Նա, թեև հույս ունի, որ իր անունն արատավորելու համար պետք է իրենից ներողություն խնդրեն:

«Արդարությունը միշտ էլ հաղթում է: Ես անգամ կարող եմ ասել, թե որ հրամանատարն է ինձ ասել, որ գնամ նստեմ այդ ավտոի ղեին, ունեմ նրա լուսանկարը: Իմ մասին կեղծ տեղեկություն տարածեցին, բայց մի հատ ներողություն չխնդրեցին: Մեծ գործ հարուցեցին, ազգի դավաճան հանեցին»,- ասաց նա:

Նշենք, որ Ժիրայր Գևորգյանը հրադադարից հետո Ստեփանակերտից Երևան էր տեղափոխել տեղափոխել 42 վիրավորի: Իր խոսքով՝ ծախսերը հոգացել էր իր անձնական միջոցների և որոշ քաղաքացիների նվիրատվությունների հաշվին:

Նարեկ Կիրակոսյան