Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Այս մասին ասված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարերցվի։
Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում հիվանդանոցի դիմաց։ Նրանք նշում են, որ դեկտեմբերի 30-ին իրենց՝ մոտ 80 աշխատակցի բանավոր կերպով ասել ե՝ դուրս եկեք աշխատանքից՝ սեփական դիմումների համաձայն։
Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները նշում են, որ համաձայն են աշխատել այլ հիվանդանոցներում կամ մի քանի հերթափոխով, բայց չկորցնեն իրենց աշխատանքը։ Վերջիններիս տվյալներով մասնաշենքի վերանորոգումը տևելու է 3 տարի, և իրենք պետք է այդքան ժամանակ մնան գործազուրկ։ Չի խոսվել նաև այն մասին՝ արդյոք դրանից հետո վերադառնալու են աշխատանքի, թե ոչ։
Բողոքի ակցիայի արդյունքում աշխատակիցները փակ հանդիպում ունեցան Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Նորք մասնաճյուղի տնօրենի հետ։ Հանդիպումից հետո աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Այսօր պետք է գնան Առողջապահության նախարարություն՝ որոշելու մեր հետագա անելիքները։ Մեզ ասել են, որ պետք է շարունակենք աշխատել, մինչև տեղի հարցը քննարկվի։ Ոչ մեկս դրսում չենք լինելու, բոլորս մինչև հունվարի 30-ը աշխատելու ենք։ Տնօրենն այսօր ներկայանալու է Առողջապահության նախարարություն՝ մեր հարցերով, աշխատակիցները տեղափոխվելու են մյուս հիմնարկություն, որը կտրամադրի նախարարությունը»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: