- Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, Գլխավոր շտաբի գործող պետ Արտակ Դավթյանի և ևս երեք այլ անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան, հաղորդում է գլխավոր դատախազությունը։
Գլխավոր շտաբի պետին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը նախաքննությունը վարող Ազգային անվտանգության ծառայությունը ամիսներ շարունակ չէր հաստատում՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։
ԳՇ պետին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):
Հիշեցնենք, որ դեռևս 2021թ նոյեմբեր ամսին մամուլում տեղեկություններ են շրջանառվել, համաձայն որի՝ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ԱԱԾ֊ում քննվող քրեական գործով, սակայն ԱԱԾ֊ից պաշտոնական պարզաբանում ստանալ այդպես էլ չէր հաջողվել։
Այսօր արդեն ՀՀ դատախազությունից հայտնել են, որ դատախազը հաստատել է Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացությունը։ Մեղադրյալների թվում էր նաև Արտակ Դավթյանը։ Հատկանշական է, որ Դավթյանի լիազորությունների կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որևէ որոշում դեռևս կայացված չէ։ Նա շարունակում է մնալ ԳՇ պետ, մինչդեռ տեղակալին, որին եւս մեղադրանք է առաջադրվել, ազատելու հրամանագիրը ստորագրվել է։
Նշենք նաև, որ գլխավոր շտաբի պետը կալանավորված չէ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: