Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ:Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:
Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել: Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:
Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են: Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:Հ.Գ.
Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո: Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: