Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստան` իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։
Դրանք ներառում էին ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ Հայաստանից`ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում մոտ 70 հայ զինծառայող Ղազախստան են մեկնել։ Նրանք պետք է ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Երեկ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցրել։ Նույն օրը ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։
Վերջին տվյալներով Ղազախստանում բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 1000 բնակիչ, նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ` 400 մարդ հոսպիտալացվել է։ Սպանվել են իրավապահ մարմինների 13 աշխատակիցներ, ևս 353- վիրավորվել են։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: