ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թերի է կազմակերպել անօթևան մարդկանց համար կացարանի տրամադրման գործընթացը, մարդիկ բարդությունների առաջ են կանգնել պետության կողմից խնդիրները ժամանակին չլուծելու պատճառով: Անտեսվել է, որ հարցը վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կրկնակի խոցելի վիճակում գտնվող մարդկանց արժանապատվությանն ու իրավունքներին:
Տարիներ շարունակ մեր երկրում անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովելու ծառայություններ իրականացրել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Վարդաշենում գտնվող անօթևանների ժամանակավոր կացարանը:
Դեռ 2021թ. դեկտեմբերի 13-ին Նախարարության համար արդեն պարզ էր, որ ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների մրցույթում որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել:
Ավելին, Նախարարությունն ավելի վաղ տեղյակ է եղել, որ այդ տարի հայտ չի կարող ներկայացնել ծառայությունն այդ պահին իրականացնող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, քանի որ ըստ Նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ բարեգործական նշված հիմնադրամը «մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24․08․21 թ․-ին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ»։
Հետևաբար, Նախարարությունն ինքն է ստանձնել անօթևան մարդկանց կացարանի տրամադրումը, որն էլ հանձն է առել ապահովել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ Նախարարությունը ծառայության մատուցման համար նախապես չի ապահովել բավարար պայմաններ։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Պաշտպանի աշխատակազմ են ստացվել կացարանի շահառուներից ահազանգեր այն մասին, որ իրենք, ունենալով անօթևանի կարգավիճակ, դեկտեմբերի 31-ից հայտնվելու են դրսում, քանի որ պետության և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ահազանգերի հրատապ ուսումնասիրություն: Պարզվել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, բայց հիմնադրամը շարունակել է պատվիրակված ծառայությունների մատուցումը մինչև նոր պայմանագրի կնքումը։ Մարդու իրավունքներին պաշտպանի աշխատակազմին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ այս անգամ պայմանագրի գործողությունը չի շարունակվելու և հունվարի 1-ից իրենք են ստանձնելու կացարանի տրամադրումը վերը նշված պատճառներով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին արագ արձագանքման այց է իրականացվել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք՝ կացարանի պայմաններն ուսումնասիրելու նպատակով
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է, որ Տուն-ինտերնատի առաջարկվող մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ։
Մասնավորապես, թեև Նախարարությունը նախատեսել է, որ 93 շահառուները պետք է տեղափոխվեն դեկտեմբերի 31-ից, այդ մասնաշենքում դեռ դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք մասնագետների տեղեկացմամբ՝ պետք է վերսկսվեին 2022 թվականի հունվարի 3-ից:
Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հավաստիացրել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունվար ամսվա վերջում, բայց ուսումնասիրությունը վկայում է, որ դա լիարժեք վերանորոգման իրատեսական ժամկետ կարող է չլինել:
Այցի պահին առկա է եղել ընդամենը 1 շահագործվող սանհանգույց` նախատեսված թե´ կանանց, թե´ տղամարդկանց համար, սենյակները գերբեռնված են եղել մահճակալներով։ Մահճակալները տեղադրված են այն աստիճան անթույլատրելի կիպ, որ ապահովված չեն անձնական կյանքի, մասնավորության գոնե նվազագույն տանելի պայմաններ:
Նախարարության խիստ թերի իրազեկման պատճառով հաստատությունը տեղյակ չի եղել, թե շահառուներն ինչ կարիքներ ունեն․ օրինակ՝ նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն, այդ թվում՝ տեղաշարժման դժվարություններ, քանիսն ունեն անկողնային խնամքի կարիք։
Արձանագրվել է, որ մասնաշենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում՝ առկա չէ վերելակ։
Հակառակ նրան, որ շահառուների կարիքների մասին չկա պատշաճ տեղեկություն՝ ներկայացվել է հաստիքների ավելացման պահանջ, ինչը խնդրահարույց է մարդկանց կարիքներին համապատասխանության տեսանկյունից։
Հատուկ նշում ենք, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ արձանագրել է անօթևանների իրավունքների ապահովման համակարգային ու անհատական բազմաթիվ խնդիրներ:
Բայց այս հայտարարության նպատակը այդ խնդիրներին անդրադառնալը չէ. խոսքը անթույլատրելի վիճակի մասին է, երբ մարդու նկատմամբ պետությունը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները, խնդիրները ժամանակին չի լուծում, բայց այդ ամենի բացասական հետևանքների հասցեատերն ու «պատասխանատուն» դառնում է մարդը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: