Տեղ համայնքի բնակիչը պնդում է՝ ռուս սահմանապահները իրեն, որդիներին, այլ անձանց աշխատացրել են ու աշխատավարձ չեն տալիս

342

Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարուց մի քանի ժամ առաջ, forrights.am-ի խմբագրություն է ահազանգել Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Մասիս Զեյնալյանը և տեղեկացրել, որ ռուս սահմանապահները իրեն և ևս տասը քաղաքացիների չեն վճարում կատարած շինարարական աշխատանքների համար: 44-օրյա պատերազմից հետո ռուսական կողմը Սյունքի մարզի մի քանի համայնքերում, նաև Տեղում, զորանոց է կառուցել շուրջ 50 հոգու համար: Մաիսի Զեյնալյանին ներգրավել են որպես աշխեղ, նա էլ իր հերքին տարբեր համայնքերի բնակիչներից բաղկացած մոտ 20 հոգանոց բանվորական թիմ է ձևավորել: Մասիս Զեյնալյանը վստահեցնում է՝ աշխատանք ավարտել են հոկտեմբերին, բայց առ այսօր ամբողջ գումարը չեն ստացել:

«Գյուղում հուլիսից սկսեցին ռուսական զորանոց  կառուցել: Գնացի որոշակի աշխատանքներ կատարեցի՝ փողը նորմալ տվեցին, հետո ռուսների հետ խոսեցի գյուղերից մինչև 20 հոգի մարդ վերցրեցինք աշխատանքի համար: Փողը սկսեցին չտալ: Շինարարությունն արել վերջացրել ենք, փողն ենք ուզում քիչ-քիչ՝ կոպեկներ են տվել, հիմա բանը հասել է նրան, որ էլ չեն տալիս, բայց մեզ ասել էին՝ հոկտեմբերին հենց աշխատաքը վերջացնեք փողը տալու ենք»,- ասում է Մաիսի Զեյնալյանը:

Նրա պնդմամբ՝ խոսքը  1 մլն 800 հազար դրամի մասին է, որը ոչ միայն իր այլ նաև երկու տղաների, եղբոր և այլ անձանց աշխատանքի դիմաց վճարվելիք գումարն է:  

«Մենք իրենց հետ պայմանագիր չունենք, իրենք միշտ խուսափել են պայմանագիր կնքել, դրա համար էլ այս վիճակն է: Նոյեմբերից հետո զանգել եմ ռուսներին սկսել են չպատասխանել, իրենց փոխտնօրենին եմ զանգել դրանից հետո երկու անգամ փող են տվել, բայց էլ հետը կապ չեմ կարողանում հաստատել: Ոստիկանություն դիմում եմ ներկայացրել, մեզ հետ ռուսները կապ են հաստատել և ասել են, որ դեկտեմբերի 10-ին գումարը տալու են: Հիմա դեկտեմբերի 31-ն է, բայց գումարը չկա»,-ասում է Մասիս Զեյնալյանը և հավելում, որ մոտ մեկ շաբաթ առաջ եկել է Երևան ռուս սահմանապահների զեկավար կազմի հետ հանդիպելու համար, բայց չի հաջողվել:

Մասիսի և այլ անձանց ընտանիքներ աշխատավարձ չստանալու պատճառով հայտնվել են սոցալական ծանր վիճակում:

Մասիս Զեյնալյանը 42 տարեկան է: Մինչ պատերազմը՝ շուրջ 20 տարի աշխատել է Արցախում, զբաղվել է շինարարությամբ: Պատերազմից ընթացքում զենք-զինամթերք և սնունդ է տեղափոխել՝ մինչև հրադադարի հայտարարությունը: Մարտական գործողությունների ավարտից հետո գործազուրկ է դարձել, քանի որ աշխատավայրն անցել է Ադրբեջանին:

Մասիսի ընտանիքն այլ եկամտի աղբյուր չունի:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ռուսական կողմից, սակայն, ոչ աշխատանքային օրվա հանգամանքով պայմանավորված նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց: Առաջիկայում այս խնդրին ևս կանդրադառնանք:

Նարեկ Կիրակոսյան