Forrights.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից  տրամադրել են 2021 թվականի կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ ամփոփիչ տվյալներ։

Հարցման տվյալների համաձայն՝ 2021 թվականի ընթացքում Covid-19-ով վարակվել է 134 ազատազրված անձ, ինչպես նաև արձանագրվել է 3 ազատազրկված անձի մահ։ 

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա առավել ռիսկային համարվող ազատազրկված անձանց և հիվանդներին անջատ պահելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերում տեղադրվել է շուրջ 150 մահճակալ։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը ներկա դրությամբ վերազինված է համապատասխան բժշկական սարքավորումներով, և հիվանդներին ցուցաբերվում է համապատասպան բուժօգնություն։ Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց բուժումը, ըստ անհրաժեշտության, իրականացվում է նաև քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջնորդությամբ։

Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված են 26 կալանավորված անձ և 27 դատապարտյալ։

Քրեակատարողական հիմնարկից նաև հայտնել են, որ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով դեռևս 2020 թվականին մարտի 16-ից սկսած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել ու պարբերական իրականացվում են անազատության մեջ պահվող անձանց և քրեակատարողական ծառայության համակարգի աշխատակիցների կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ, պատվաստման գործընթաց։ 

2021 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պատվաստվել են 208 կալանավորված անձ և 352 դատապարտյալ։ 

Հարցման արդյունքում պարզ դարձավ նաև, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների տրամադրումը։

Նշենք նաև, որ 2021 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, բացի վերոնշյալ 3 մահից, արձանագրվել է ևս 8 ազատազրված անձի մահ, որոնցից 4-ը՝ կենսաբանական մահ, 1-ը՝ սպանություն և 3-ը՝ ինքնասպանություն։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest