«Մյուս տղաների ծնողները, որ զանգեցին, ասեցին` Արթուրին գտել ենք, հարցրի` ո ՞ղջ է, ասեցին` չէ »

389

Չնայած մայրաքաղաքում սկսված նախատոնական թոհուբոհին, Եռաբլուրում 44-օրյա պատերազմին զոհված տղաների շիրիմների բարեկարգման աշխատանքները չեն դադարում: Շատ ծնողներ որդիների նկարների կողքին տոնածառներ ու տոնական զարդեր են տեղադրել:

Աննա Գասպարյանը` պատերազմում զոհված Արթուր Գասպարյանի մայրը Նոր Տարին որդու կողքին է դիմավորելու: Նա հետեւում է, որ մինչ արդ օրը որդու գերեզմանաքարը պատշաճ տեղադրվի:  

Արթուրը ծառայում էր Մարտունի 3-ում, պատերազմի ընթացքում Հադրութ տեղափոխվելիս անհետացած ապա սպանված հայտնաբերված 73 զինվորներից մեկն է: Այս դեպքին նախկինում բազմիցս անդրադարձել էինք, հայտնել էինք, որ զինվորները Հադրութ էին ուղարկվել այն ժամանակ, երբ այդ բնակավայրը այլեւս թշնամու ձեռքում էր: Հայտնել էինք նաեւ, որ դեռեւս այս տարվա ապրիլին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել էր այս դեպքի հետ կապված հարուցված քրեական գործով:

Փետրվարի 13–ին  ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը)  մեղադրանք էր առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Նրա  նկատմամբ, որպես խափանման միջոց էր կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Վերջին անգամ Աննա Գասպարյանը որդու հետ խոսել էր հոկտեմբերի 11-ին: Արթուրն ասել է` մեզ տանում են, բայց չգիտեմ, թե ուր: Խոստացել էր հասնելուն պես զանգել: Նրանից այլեւս որեւէ լուր չէր եղել:

«Որոշեց «Ես եմ» ծրագրող ծառահել: Ասեց` մամ, ինչ երկու տարին, ինչ երեք տարին: Տղա ենք, կծառայենք, կգանք: Ու միշտ ինքը շատ լավ էր տրամադրված բանակին: Ոչ վախ ուներ, ոչ բան: Միշտ մարտական էր, ու երբ զանգել  եմ, ոչ մի բանից չի բողոքել: Միշտ զանգել է: Ես էլ էի իրեն ասում` Արթուր կզանգես, անհանգիստ եմ: Բայց որ չզանգեց, ես արդեն անհանգստացա, մտածեցի` ինչ որ բան այն չէ: Բայց չէի պատկերացնում, որ զոհվել է:

Մյուս տղաների ծնողները որ զանգեցին, ասեցին` Արթուրին գտել ենք, հարցրի` իսկ ո ՞ղջ է Արթուրը: Ասեցին` չէ »,- պատմում է զոհված զինվորի մայրը:

Զինվորի մասունքները Երեւան են հասել անցած տարվա դեկտեմբերի 7-ին: Անտեսելով բոլորի հորդորները, մայրը մտել է դիահերձարան` վերջին անգամ տեսնելու որդուն: Թեեւ իր այդ որոշումը ճիշտ է համարում, բայց, ասում է, դրանից հետո իր հոգեկան ծանր ապրումները չեն դադարում.

«Ես մտել, տեսել եմ: Ոչ գլուխը կար… ոտքն էլ չկար: Միայն շորերն էին հագը: Ուզում էի ինքս տեսնել, թե ինչ վիճակում է: Դժվար էր, բայց ասում էի` գոնե վերջին անգամ տեսնեմ որդուս: Ես անգամ ԴՆԹ-ի հաստատումից հետո էլի մտել եմ Հերացի: Չէին թողնում, բայց մտել եմ: Որ էրեխուդ միշտ լավն ես տեսել, էդ վիճակում տեսնում ես, հոգեպես ավելի ես տանջվում»:

Անի Գևորգյան