Վարդան Ղուկասյանի որդու վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

40

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

«Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործը՝ ըստ մեղադրանքի Գյումրու բնակիչ Ս. Ղուկասյանի, ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատախազությունից հիշեցնում են, որ ավելի վաղ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին, ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Ս. Ղուկասյանը երեք-չորս տղամարդկանց հետ միասին մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Դիմումում մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով իրավապահներն այցելել էին Ս. Ղուկասյանի բնակության հասցե, սակայն վերջինս նախ հրաժարվել էր տան դուռը բացել, իսկ ժամեր անց զանգահարել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս. Ղուկասյանը հայտնաբերվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:

Վարույթն իրականացնող մարմինը 2021թ. օգոստոսի 20-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ս. Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել էր: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021թ. սեպտեմբերի 15-ին բավարարել էր Ս.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը:

Հաշվի առնելով, որ Ս. Ղուկասյանը պատշաճ կարգով ծանուցվել և հրավիրվել էր նախաքննական մարմին, սակայն վերջինս չէր ներկայացել, տեղյակ չէր պահել՝ չներկայանալու պատճառների մասին և գտնվելու վայրն անհայտ էր, նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

2021թ. նոյեմբերի 27-ին հետախուզվող Ս. Ղուկասյանը հայտնաբերվել, ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: