Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու 17 ծառայակիցները զոհվում․ նրանց մարմինները մոխրացել են

467

Դեկտեմբերի 24-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  քննվում է 2020 թվականի պատերազմի ընթացքում ԱԹՍ-ի հարվածից միաժամանակ 18 զինծառայողների զոհվելու դեպքը։

Ամբաստանյալի աթոռին  է փոխգնդապետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։

Միջադեպի արդյունքում զոհվել է 16 զինծառայող և 2 սպա։

Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրը` Հարություն Օհանյանը իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է  որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։ ԱԹՍ-ի հարվածից զինծառայողները մոխրացել են։

2020 թվականի հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանից Ջաբրայիլի շրջան տեղափոխել։ Ըստ դատախազության՝ ճանապարհին Իշխանաձորի մոտ հանդիպել են Անդրանիկ Վերանյանին, վերջինս նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել վաշտի հրամանատար կապիտան Տարոն Նիկողոսյանին։

Վաշտի հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։

 Ըստ դատախազության Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, այնուամենայնիվ, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը։ Նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։

Վերանյանի հրամանից հետո 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, կարճ ժամանակ անց՝ (մոտ 5 րոպե անց) ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են։ Նրանց դիակները հայտնաբերվել են մոխրացած վիճակում։ Նրանցից միայն մեկն է կարողացել փրկվել՝ նա ստացել է մարմնական վնասվածքներ։

Զովածների թվում է նաև վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը, որ զգուաշացրել էր հրամանատարին ՝ԱԹՍ-ի մասին։

ԱԹՍ-ի հարվածից վնասվել է նաև 18 զինծառայողներից՝ Արմեն Օհանյանի հոր՝ Հարություն  Օհանյանի ավտոմեքենան։ Վերջինս և  զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ ծանր հետեւանքներ է առաջացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել  375-րդ հոդվածի 4-րդ մասով։

Անդրանիկ Վերանյանը 2020 թվականի դեկտեմբերին կալանավորվել է  երկու ամսով այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց է  ընտրվել։

Դեպքին ականատես զոհված զինծառայողի հայրը՝ Հարություն Օհանյանը գործով  անցնում է որպես վկա։ Նա դատարանին պատմեց, որ իր մեքենայով առաջ է անցելզինվորներին տեղափոխող Ուրալից,  ինչից հետո լսվել է ԱԹՍ հարվածի ձայնը։ Մեքենան կանգնեցրել է և վազել դեպի Ուրալը, որն արդեն այրվում էր հրդեհից։

Հայրը պատմում է, որ փորձել է մտնել Ուրալի մեջ, սակայն հրդեհն ուժգին է եղել։ Օհանյանը ասում է, որ իր ինքնազգացողությունը վատանում էր։ Նա պատմում է, որ ունեցել է գլխապտույտ է մի քանի անգամ ընկել է գետնին։ Այրվող Ուրալի մեջ եղել է զինամթերք, որը ժամանակառժամանակ պայթել է։

Դեպքի վայր են ժամանել նաև հրշեջներ։ Օհանյանը պատմում է, որ ինքն է որոշել մարել հրդեհը, սակայն իր ինքնազգացողությունը անընդհատ վատացել է։ Վկան ամբողջությամբ չպատմեց, թե ինչպես է մարվել կրակը, ենթադրվում է, որ հրշեջներն են այն մարել։

Որոշ ժամանակ անց այրված մեքենային է մոտեցել նաև Վերանյանը։

Օհանյանը դատավորի հարցին ի պատասխան նշեց, որ  երբ դեպքի վայր է եկել Վերանյանը ինքը քար է վերցրել, որպեսզի հարվածի հրամանատարին, սակայն ինքնազգացողությունը կրկին վատացել է, ձեռքերը թուլացել են և Օհանյանը վայր է ընկել։

Օհանյանը դատարանին հայտնեց, որ Վերանյանը նույնիսկ չի մոտեցել և ցավակցել, այլ նստել է մեքանան և հեռացել իր հետ եկած մարդկանց հետ։

Դատավորը հարցրեց, իսկ դա ի՞նչ կփոխեր, Օհանյանը պատասխանեց, որ ոչինչ, բայց ավելի մարդկային կլիներ։

Մեղադրվող կողմի պաշտպան Նորայր Նորիկյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, նշելով, որ հակասություններ կա Հարություն Օհանյանի նախաքննական և դատարանում տրված ցուցմունքների միջև։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

 Forrights.am-ը զրուցեց կապիտան Տարոն Թադևոսի Նիկողոսյանի իրավահաջորդի (կնոջ՝ Տաթևիկ Գալստյանի) ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանի հետ։ 

<Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, մեր պահանջն է արդար դատաքննության սկզբունքների պահպանմամբ բացահայտել հանցագործությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին>,- ասաց Մկրտչյանը։

<<Ուրալ>> մակնիշի ՊՆ 78-45 Շ զինհամարանիշի ավտոմեքենայի և դրանում եղած զենքերի այրման և հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 21.157.070 ՀՀ դրամի գույքային վնաս: