Օրերս արտառոց միջադեպ է արձանագրվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:Ռուսաստանի Դաշնությունից ազատազրկված անձ է բերվել «Վանաձոր» ՔԿՀ-ում պահման նպատակով, որի մոտ հայտնաբերվել է տուբերկուլյոզային հիվանդութուն: ՛
Օրենքի համաձայն այլ վայրից բերված դատապարտյալները տեղավորվում են կարանտինային բաժանմունք և որոշ ժամանակ չեն շփվում այլ ազատազրկվածների հետ: ՌԴ-ից բերված դատապարտյալի դեպքում օրենքը խախտվել է: Նրան տեղավորել են ընդհանուր խուց, որտեղ մի քանի այլ դատապարտյալներ են եղել:
Հետևանքը եղել է այն, որ 7-ից 10 անձ վարակվել են տուբերկուլյոզով: Այժմ նրանց շտապ կարգով տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Այս տեղեկությունները Forrights.am-ին հաղորդեց վարակված դատապարտյալներից մեկի հարազատը: «Այժմ, երբ արդեն մի քանի մարդու մոտ է թոքախտ բացահայտվել, բոլոր վարակվածներին արագորեն տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց»», — ասում է նա:
Մենք հարցում ուղարկեցինք քրեակատարողական ծառայություն, փորձելով պարզել, թե ինչպես եղավ, որ թոքախտով տառապող անձին անմիջապես չեն տեղավորել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ մի ամբողջ տուբերկուլյոզային բաժանմունք է գործում, այլ առանց գոնե կարանտինը պահելու, մտցրել են ընդհանուր խուց:
ՔԿԾ մամուլի խոսնալ Նոնա Նավիկյանից հետևյալ պատասխանը ստացանք: «Նախ նշեմ, որ Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տուբերկուլյոզ հիվանդությամբ հաստատված Ձեր կողմից նշված թվով ազատազրկված անձ չկա։
ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» բժշկական ստորաբաժանման կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում վերոնշյալ հիվանդությունն ախտորոշվել է միայն մեկ ազատազրկված անձի մոտ, որն էլ հետազոտման հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ բուժման, ինչպես նաև նեղ մասնագիտական հավելյալ հետազոտությունների նպատակով։
Ազատազրկված անձի առողջական վիճակի, ինչպես նաև բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում եմ դիմել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ։
Ինչ վերաբերում է կալանավորված անձանց կարանտինային խցում պահելուն, ապա նշեմ, որ ՔԿՀ-ներ մուտք գործած բոլոր կալանավորված անձինք օրենքով սահմանված կարգով մինչև 7 օր պահվում են կարանտինային խցում»։
Փաստորեն, խոսնակը չի հերքում տուբերկուլյոզով հիվանդի վերաբերյալ տեղեկությունը, սակայն չի ուզում ընդունել, որ տեղի է ունեցել անփութություն, որի հետևանքով վարակը տարածվել է:
Մեր տեղեկություններով, վարակված անձանց փաստաբանները պատրաստվում են դիմել դատարան, պահանջելով, որ իրենց պաշտպանյալներին, որոնք ծանր առողջական վիճակում են, ազատեն գրավի դիմաց:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: