«Մենք ուզում ենք իմանալ, թե ինչի ա էդ հրամանատարը տղաների գլուխը կերել, ինքը ում հրամանն է կատարել». 18 զինվորի մահը

344

«Ինչքան գալիս էր տուն, պաչում էր, պաչում էր… երբ հիվանդանում էր, գլուխը դնում էր ծնկիս, ասում էր` մամա ջան, գլուխս շոյի, որ լավանա, ցավում ա: Հիմա ասում եմ` տղա ջան, բա ո՞նց դիմացար էդ ցավին»:

44-օրյա պատերազմում Մեխակավանում զոհված Մանվել Ըռքոյանի մոր խոսքերն են: 2020թ-ի հոկտեմբերի 9-ին Թշնամու ԱԹՍ-ը պայթեցրել էր Մանվելին եւ նրա 17 ընկերներին տեղափոխող մեքենան: Տղաները ողջ-ողջ այրվել էին: 

Զինվորների հետ տեղի ունեցածի հետ կապված հարուցվել էր քրեական գործ, քննություն էր ընթացել, այսօր գործն արդեն դատարանում է: «Ավտոյով գնալուց են եղել, պայթացրել են իրանց: Նրանց հետ մի զինվորի ծնող է եղել: Իրենք մի մեքենայով են գնացել, ծնողը իր: Այդ ծնողը որպես կամավոր գնացել էր իր էրեխայի հետեւից:  Ծնողը տեսել է, որ ԱԹՍ-ը գալիս է: Կանգնեցրել է տղաների մեքենան, ասել է` իջեք, ցրվեք, պառկեք գետնին, որ բան չլինի: Նրանց հրամանատարն ասել է` ձեզ ով է թույլ տվել նման բան անեք,: Ծնողն ասել է` դու չե՞ս տեսնում, որ ԱԹՍ է գալիս իրանց վրա, հրամանատարն էլ ասել է` թող նստեն մեքենաները: Հրամանատարը նստեցրել է էրեխեքին ու շարժվել են, հինգ րոպե գնացել են, ԱԹՍ-ն պայթեցրել է զինվորներին տեղափոխող մեքենան, իսկ հրամանատարը փախել է: Ու էդ մարդը թողել, փախել է»,- պատմում է Մանվելի մայրը` տիկին Անահիտը:

Հայրը` Դարվինը, նշում է, որ թե քննության ընթացքում, թե արդեն դատարանում տեղի ունեցածի մասին ցուցմունք են տվել եւ զինվորի այդ ծնողը, ով ուղեկցում էր տղաներին եւ զինվորներ տեղափոխող մեքենայից ողջ մնացած միակ զինծառայողը:

«Այդ մի զինվորը ողջ է մնացել, քանի որ պայթյունի ժամանակ մեքենայից դուրս է շպրտվել: Ինքը իր զույգ եղբոր հետ էր ծառայում: Եղբայրը զոհվել է: Տղաներին ուղեկցող մարդու որդին էլ է զոհվել: Իրանք երկուսով ամեն ինչ տեսել են ու պատմել են սպայի արածը, բայց հրամանատարն ասումա` ես ոչ մի բան չեմ արել, իրա մեղքը չի ընդունում»,- ասում է Մանվելի հայրը:

Նա  նշում է, որ իրեն եւ զոհված մյուս տղաների ծնողներին պետք է, որ իրականությունը պարզվի ու մեղավորը պատժվի, քանի որ այդ մարդը շարունակում է ծառայել, ավելին, նա` լինելով փոխգնդապետ, դիմում է գրել, որ իրեն շնորհվի գնդապետի կոչում:

«Մենք ուզում ենք իմանալ, թե ինչի ա էդ հրամանատարը տղաների գլուխը կերել, ինքը ում հրամանն է կատարել: Մենք նրա համար չենք դա ուզում, որ էդ մարդու 7- 16 տարի տան, մենք ուզում ենք, որ հետո ուրիշ էրեխեքի հետ էլ նույն բանը չլինի »,- ասում է զոհված զինվորի հայրը:

Տիկին Անահիտն ասում է` Մանվելը ծառայում էր Մեղրիում ու հարազատներին չէր ասել, որ հոկտեմբերի 4-ին նա իր ծառայակիցների հետ տեղափոխվել է Արցախ:

Վերջին անգամ նա զանգել էր հոկտեմբերի 8-ին` իր ծննդյան օրը: Մայրը հարցրել է, թե ինչպես է նշել ծնունդը, նա կատակել է, թե խոզ է մորթել:

Հաջորդ օրը նա զոհվել է:

Անի Գևորգյան