Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում Խաչատրյանների տանը երկու տասնամյակից ավելի փակցված էր Արցախյան պատերազմին զոհված ընտանիքի հոր` Լյովա Խաչատրյանի լուսանկարը: 44 – օրյա պատերազմի հետեւանքով տան այդ անկյունում ավելացավ նաեւ Լյովայի կրտսեր որդու` Հովիկի նկարը:

30- ամյա պայմանագրային զինծառայող Հովիկ Խաչատրյանը ծառայում էր Քարվաճառում,  44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է արկի պայթյունից` այդպես էլ չտեսնելով դստեր ծնունդը: Հովիկի մայրը`  Աննա Խաչատրյանը փորձում է հաշտվել կյանքի նման ծանր հարվածի հետ, ասում է` գուցե սա էր իր ճակատագիրը ու Աստծո կամքը: «Իմ տղան էլ, դրանից առաջ էլ նրա հայրը այդպես էին դաստիարակված, որ առաջին հերթին հայրենիքն էր, հետո նոր ընտանիքը… երբ հայրը զոհվեց, տղաս մեկ տարեկան էր», — ասում է տիկին Աննան:

«Տղաս միշտ հպարտանում էր իր հոր ազգասիրությամբ, հայրենասիրությամբ, ընկերասիրությամբ, մարդուն նեղ ժամանակ սատար կանգնելու, օգնելու, ցանկացած պահին հասնելու ձգտմանը: Ես հիմա նոր եմ իմանում, թե պատերազմի ժամանակ Հովոն ինչքան է օգնել բոլորին… 2013 թ-ին ծառայեց Հայկական բանակում, հետո անցավ ծառայության զորամասում, հետո զեկուցագիր գրեց ՊՆ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում վերապատրաստվեց, ու լեյտենանտի կոչումով նրան ուղարկեցին աշխատելու… 2018 թ-ին Հովոն ամուսնացավ: Մատերազմի սկզբին արդեն հայտնի էր, որ կինը երեխա է սպասում: Պատերազմի պատճառով չհասցրեց հայրության ուրախությունը, բերկրանքը ապրել… Ոնց որ իմ տղան կարոտ մնաց ծնողից, նույնը ոնց որ շարունակվեց: Զուգադիպություն էր, թե բախտն էր, չգիտեմ… »,-  պատմում է մայրը:

Նրա խոսքով, իր ընտանիքի միակ սփոփանքը տանը հնչող փոքրիկի ձայնն է: Հովիկի դուստրը ինը ամսական է: Հարազատներն ասում են` սպասում են, որ նա մեծանա ու լսի իր հոր մասին պատմությունները, իմանա, թե ով էր նա, ինչպիսին էր նա եւ ինչ է արել իր ընտանիքի ու հայրենիքի համար: Աննա Խաչատրյանը հույս ունի, որ ինքն ու հարսիկը կկարողանան անել ամեն ինչ, որ փոքրիկի լիարժեք սիրված լինի ու չզգա հոր բացակայության հետեւանքները:

Հովիկը հուղարկավորված է Սասունիկի պանթեոնում` հոր կողքին: Նույն պանթեոնում են հանգչում նաեւ Արցախյան առաջին եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով զոհված գյուղի բոլոր տղաները:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest