Հայկ Մարությանը հեռացավ Երևանի քաղաքապետի պաշտոնից՝ երեք տարուց ավելի պաշտոնավարումից հետո: Նա պաշտոնանկ արվեց սեփական թիմի կողմից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու համար: Չնայած, որ ՔՊ-ականները վատ կառավարման մասին պատճառներ էլ են նշում, բայց ակնհայտ է, որ գլխավոր պատճառը կուսակցությունից հեռանալն է: Նիկոլ Փաշինյանը չի «մարսում» այն, որ կա մեկը, որը չի անցնում «իր սրի» տակով և իրենից տարբերվող կարծիք է հայտնում:
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի ընթացքում երկարատև դադարից հետո քաղաքական ելույթ ունեցավ՝ անդրադառնալով նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրեն վերագրվող մեղադրանքներին: Մարությանը նախ մեկնաբանեց, թե ինչու է մեկ տարի առաջ ՔՊ-ից դուրս գալու դիմում ներկայացրել:
Մարությանն ընդգծեց՝ իր համար անընդունելի է, երբ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկիրը 200 հազար դոլարանոց մեքենա է գնում:
«Մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, և այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին:
Ինձ զանգում էին կառավարական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը ինչ-որ «վատ» քոմենթ է գրել կամ «վատ» ստատուսի տակ լայք է դրել, իրենք պետք է աշխատանքից հանել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, երկիրը Ֆեյսբուքով չեն կառավարում:
Հետո սկսեցին էլի, տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել ու իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավելացնենք, էս հողը ընդլայնենք և այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը․ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում, և բոլորը հավասար են օրենքի առաջ:
Ու հիմա այս մարդիկ ասում են` Հայկը հեղափոխությունից շեղվել է: Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքա՜ն անհրաժեշտ գնում է դա պետության համար»:
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբբելա Աբգարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Հայկ Մարությանը որևէ քաղաքական ուղուց չի շեղվել, հեղափոխական «Իմ քայլը» շարժման քաղաքական ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետեւողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլի» հեղափոխության շարժիչ ուժը, փողոցներում իրենց կյանքը վտանգողները:
«Այդ մարդկանց փոխարինել են այսօր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով, որոնք հայտարարել են, որ հիմա էլ իրենք ՔՊ-ական են: Դա՞ է քաղաքական գիծը: Հայկ Մարությանն ընդամենը հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից, նա քաղաքը չի լքել դժվար պահին:
Ես ՔՊ-ին մի բան եմ ուզում ասել՝ նախքան Հայկ Մարությանին ապերախտ ասելը՝ հիշեք՝ ովքեր էին ձեր կողքին, երբ կուսակցությունն էր բարդ վիճակում, ձերբակալված էր կուսակցության ղեկավարը, մյուս կարևոր դերակատարները։ Ուր էին այն մարդիկ, որ այսօր նստել են ձեր պատգամավորական աթոռներին և զբաղեցնում են պաշտոններ։ Այնպես որ, եկեք ուրանալուց և ապերախտ լինելուց չխոսենք, ես շատ բան ունեմ ասելու ձեզ այդ իմաստով։ Այսօր դուք մենակ եք քվեարկելու՝ ձեր խղճի առաջ, հուսով եմ՝ հեռախոսներով չեք նկարի ձեր քվեաթերթիկները։ Ես եկել եմ այն եզրակացությանը, որ ՀՀ-ում ևս մեկ անգամ հաստատվեց այդ պարզ ճշմարտությունը՝ հեղափոխություն անում են ռոմանտիկները, իսկ օգտվում․․․»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Աբգարյանն ընդգծեց՝ այս ընթացքում կատարված բոլոր հարցումները փաստում են՝ երևանցին նման հանրային պահանջ չի ձևակերպել, չի համաձայնել «Իմ քայլը»-ի հայտարարության մեջ եղած հիմքերին. «Այլապես դուրս կգար փողոց, կասեր՝ «Հայկ Մարության, հեռացիր, եթե այլևս մեր սրտի վարչապետի հետ չես»»,-ասաց նա՝ նշելով, թե որևէ փաստ չեն կարողանում ներկայացնել։
«Իրենք այսօր ու այս օրերի ընթացքում այնքան քաջություն չեն ունեցել, որ իրեն մեղքի բաժինն ընդունեն մեր նախընտրական ծրագրի չկատարած կետերի համար, որովհետև, կարծում եմ, այստեղ շատ քչերն են, որ այդ ծրագիրը կազմելիս ներկա են եղել։ Կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն պետք է ունենա, որ մեկ անձի վրա չբարդի այն բոլոր խնդիրները, որոնց համար ինքն էլ էր պատասխանատու»,- ասաց Աբգարյանը։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: