Դեկտեմբերի 18-ին Հայաստանի զինված ուժերը ադրբեջանցի երկու զինծառայողի են գերեվարել, որոնց, սակայն, մեկ օր անց վերադարձրել են Բաքվին՝ չփոխանակելով հայ ռազմագերիների հետ: Այս մասին պաշտոնապես հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը: Ուշագրավ է, որ ՊՆ տեղեկություն չէր տրամադրել ադրբեջանցիներին գերեվարելու վերաբերյալ: Հայ հասարակությունն այդ մասին պաշտոնապես տեղեկացավ միայն նրանց արտահանձնելուց հետո, թեև սոցցանցերում տեղեկություններ և լուսանկարներ էին հրապարակվում այդ առնչությամբ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնում է, որ հայկական կողմն հակառակորդի զինծառայողներին գերեվարել է Հայաստանի սուվերեն տարածքից և ի հակառակ ռուսական կողմի պնդումներին չի վերադարձրել Ադրբեջանին:
«Ադրբեջանցիները մոլորվել և հայտնվել են հայկական դիրքերում: Իշխանասարի հատվածում են գերեվարել: Ռուսական կողմը փորձել է ստանալ գերիներին, բայց ՀՀ Զինված ուժերի՝ բավականին հայտնի ստորաբաժանման ծառայողները, հրաժարվել են ադրբեջանցի զինծառայողներին ռուսական կողմին հանձնել՝ ասելով, որ ռուսներն իրենց հրամանատրությունը չեն»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:
Պաշտոնական Երևանն, այնուհանդերձ, թշնամու գերեվարված զինծառայողներին հանձնել է Ադրբեջանին: ՊՆ-ի հաղորդագրության մեջ կարդում ենք, որ «մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»:
Ուշագրավ է, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած արյունալի մարտերից հետո հայկական կողմից, նույն Իշխանասարի հատվածում, ադրբեջանական զինուժը գերեվարեց 32 զինծառայողի: Այս զինծառաողներից 11-ը դեռ Բաքվի բանտերում են, իսկ մյուսների վերադարձը տասը օրից շուրջ մեկ ամիս տևեց: Հարց է առաջանում՝ ինչու ռուսական կողմը նույն ջանասիրությամբ չի պայքարում, որ Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում վերադարձնի հայ ռազմագերիներին:
«Ինձ համար խնդրահարույց է, որ Ադրբեջանում առկա գերիները չեն հանձնվում և ինձ թվում է, որ վերցված գերիներին պետք էր փոխանակել: Նրանք ՀՀ տարածքից վերցված գերի էին: Երբ Ադրբեջանը նույն իշխանասարի հատվածից վերցրեց գերիներ, այդ գերիների մի մասը վերադարձավ շաբաթներ անց, մյուս մասը վերադարձավ ավելիք քան մեկ ամիս անց՝ Շառ Միշելի միջնորդությամբ: Կարեւոր է ֆիքսել, որ և՛ ադրբեջանցի այս զինծառայողները, և՛ հայ գերիները եղել էին ՀՀ տարածքում, ինչը նշանակում էր, որ մեր զինծառայողները պարզապես չպետք է գերի վերցվեին, նույն պահին պետք է ազատվեին: Իսկ ադրբեջանցի գերիներին պետք էր հարց տալ՝ ինչ գործ ունենք ՀՀ տարածքում»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:
Հարց է առաջանում, թե ինչու այս զինծառայողները չփոխանակվեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն այս հարցերին հոդաբաշխ պատասխան չի ներկայացրել: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ այս թեման բաց քննարկման հարց չէ:
Դանիել Իոաննիսյանը նշում է. «Ինձ թվում է, որ ռուսական կողմի պահանջն է եղել, հայկական կողմին որ մնար չէր հանձնի»:
Նշենք, որ նոյեմբերին 32 զինծառայող էր գերեվարվել Իշխանասարի մարտերի ժամանակ, կիրակի օրը եվրոպական կողմի միջնորդությամբ վերադարձան 10 գերի, ևս 11 զինծառայող էլ վերադարձել էր ամսվա սկզբին: Մյուսները դեռևս Բաքվի բանտերում են, իսկ Հայաստան վերադարձածներից 4-ն էլ Հայաստանի բանտերում են:
Կիրակի օրը Հայաստան վերադարձած տասը գերիները հարցաքննվել են վերադառնալու հաջորդ օրը՝ Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում: Նրանցից որևէ մեկը ձերբակալված չէ:
Հիշեցնենք՝ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: