Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է.
«ՀՀ վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1442-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծման գործընթացը:
Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք Խորհրդի կազմում մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև՝
1) ութերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ, և
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ:
Ղեկավարվելով վերոնշյալով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտնում է, որ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր կարող են ներկայացվել հետևյալ կարգով՝
Հայտերը ներկայացվում են Նախարարություն՝ սույն հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ 7 օրացուցային օրվա ընթացքում:
Որոշմանը համապատասխան՝ հայտ կարող են ներկայացնել՝
1) այն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, որոնք՝
ա. չեն մասնակցել ութերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը, և
բ. թեկնածու առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների.
2) այն հասարակական կազմակերպությունները՝
ա. որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և
բ. ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել:
Հայտին կից ներկայացվում են այն փաստաթղթերը (տեղեկություննեը), որոնք հավաստում են սույն հայտարարության 2-րդ կետով նշված պահանջներին (չափանիշներին) հայտ ներկայացնողի համապատասխանությունը: Հայտ ներկայացնողը հայտում նշում է նաև այն թեկնածուին, որին առաջարկվում է ընդգրկել Խորհրդում որպես Հայտ ներկայացողի ներկայացուցիչ, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), կենսագրական տվյալները (curriculum vitae), ինչպես նաև սույն հայտարարության 10-րդ կետում նշված չափանիշներին՝ թեկնածուի համապատասխանությունը հավաստող այլ տեղեկություններ և փաստաթղթեր:
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել info@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված:
Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև հայտարարությունում նշված ժամկետի ավարտը:
Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հայտ ներկայացնողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
Թեկնածուների ներգրավումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Նախարարությունը:
Փաստաթղթերը և դրանց կազմը թերի լինելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է մինչև երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում:
Երկրորդ փուլում գնահատվում է հայտ ներկայացնողի ներկայացրած թեկնածուի համապատասխանությունը Որոշմամբ նախատեսված չափանիշներին: Որոշմանը համապատասխան՝ թեկնածուների ընտրության ընթացքում հաշվի է առնվելու առաջադրված թեկնածուի փորձառությունը, ծավալած մասնագիտական գործունեությունը, նրա կողմից կամ մասնակցությամբ իրականացված ծրագրերի, հրապարակված աշխատանքների, կատարված հետազոտությունների բնույթը, քանակը, ճանաչվածության աստիճանը, սեռերի հավասար ներկայացվածության ապահովման անհրաժեշտությունը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Նախարարությունը թեկնածուների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում և ապահովում է թեկնածուների ընտրության արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: