Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պետք է մասնակցի Վերաքննիչ քրեական դատարանի նիստին, որտեղ քննարկվելու է այլ գործով իր պաշտպանյալների ազատության հարցը։ Բացի այդ, պաշտպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ բացակայելու է ՀՀ-ից։
Լուսինե Սահակյանը նաև միջնորդել է վերանայել դատական նիստերի ժամանակացույցը՝ հաշվի առնելով, որ դատական նիստերը երբեմն համընկնում են ԱԺ նիստերի օրերի հետ, ինչը խոչընդոտում է Գևորգյանի պատգամավորական գործունեությանը։
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ, որ դատական նիստերը պետք է պարտադիր երեքշաբթի օրերին նշանակվեն։ Սակայն դատավորը նպատակահարմար չգտավ սահմանել այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում նիստեր չեն նշանակվելու, նշելով, որ սույն գործով նիստերն առանց այդ էլ բազմիցս հետաձգվել են։ Դատական նիստը հետաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 18-ը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: