Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

53

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Իսագուլյանը ձերբակալվել է և  ներգրավվել որպես մեղադրյալ: ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։

Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին:

Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գ.Ի.-ն արդեն իսկ մեղադրվում է նույնական և համասեռ՝ ՀՀ Վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարական գործիչների (1-ին դրվագ), ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի (2-րդ դրվագ), Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի (3-րդ դրվագ) վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև ՀՀ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (մեկ դրվագ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: