Սայիդա Պողոսյանը արդեն երկրորդ տարին է, կատարում է Ձմեռ Պապի քարտուղարի դերը արցախցի երեխաների համար: 44-օրյա պատերազմից փախած, ծնողների հետ Հայաստանի տարբեր բնակավայրերի հանրակացարաններում, պանսիոնատներում, բարեկամների տներում ծվարած երեխաները շարունակում են երազել: Նրանք նամակներ են գրում Ձմեռ Պապիկին և ուղարկում են Սայիդային: Սայիդան էլ տեղ է հասցնում՝ ուղիղ Լապլանդիա:
«Ես Հադրութից եմ, բազմազավակ ընտանիքից, հայրիկս՝ Կամո Պողոսյանը, ամուսինս պատերազմի մասնակից են: Պատերազմի հենց հաջորդ օրը ես ընկերներիս հետ սկսեցինք օգնել երեխաներով ընտանիքներին դուրս գալ այն գյուղերից, որտեղ ոչ ոք չի այցելում: Արցախում գյուղեր կան, որտեղ ճանապարհը այնքան վատն է, որ ամեն մեկը չի, որ վախը հաղթահարելով, կհասներ այնտեղ: Օրինակ, Ուխտաձորը, Մայրամաձորը», — պատմում է Սայիդան:
Այսպես է սկսվել նրա և մի խումբ կամավորների՝ նրա ընկերների բարեգործական առաքելութունը: Սկզբից օգնում էին տարհանմանը և առաջնագծում կռվող զինվորների համար օգնություն էին հավաքում, ով ինչ կարող էր՝ գտնում, ուղարկում էր ճակատ, երեխաների համար սնունդ, հագուստ էին հավաքում, կանանց էին օգնում, ովքեր պատրաստվում են ծննդաբերել: Հետո ծնվեց Ձմեռ պապիկի նամակների գաղափարը.
«Անցյալ տարի, Ամանորից առաջ, որ իմ երեխայի համար պատրաստվում էի նվեր գնել, մտածեցի՝ բա էն ծնողները, որոնք հնարավորություն չունեն նվեր գնելու, ի՞նչ են անելու»:
Մի քանի ընկերներով, հարազատներով խումբ կազմեցին, սկսեցին նվերներ հայթհայթել փոքրիկ արցախցիների համար: Սկզբում՝ առանց նամակների էին նվերներ պատրաստում, հետո սկսեցինք նամակներ վերցնել մանուկներից, և մի 500 փոքրիկի կարողացան ամանորյա անակնկալներ մատուցել: Այս տարի արդեն 500-ից ավելի նամակներ ունեն։
Իհարկե, բարեգործությունն իր վերապահումներն ունի: Ոչ բոլորի համար են միջոցներ ճարվում, և անցյալ տարվանից շատ նամակներ են մնացել անպատասխան:
«Բարև ձեզ, Սայիդա ջան, ինչպե՞ս եք, — գրում է տեղահանվածներից բազմազավակ Գոռ Եղիազարյանը, Սայիդայի ֆեյսբուքյան էջին, — Անցած տարի մեր 5 տղաները նամակներ էին գրել, բայց Ձմեռ պապիկը այդպես էլ չարձագանքեց նամակներին։ Եթե հնարավոր է, գոնե այս տարի Ձմեռ պապիկը հիշեր արդեն մեր 6 տղաներին»։
Այս տարի Սայիդան փորձել է ուղղել սխալները՝ նվերներ գտնել նաև 2020 թվականի դիմողների համար: Նրանք, ովքեր անցյալ տարի ստացել են նվեր և ում նկատմամբ 2021 թվականը բարի է եղել, ովքեր այս մեկ տարում կարողացել են աշխատանք գտնել,այս տարի նվերներ են գնում նվազ հաջողակների համար:
Սայիդայի նյարդերը երբեմն տեղի են տալիս: Ստիպված է խնդրել նամակ գրողներին՝ ավելի համեստ լինել ցանկությունների մեջ, տուն, մեքենա, կամ այլ բարիքներ չուզել: Ձմեռ Պապիկի քարտուղարը մի քանի օրում աղքատության, անապահովության գիրկը մղված իր հայրենակիցներին հորդորում է.
«Ամեն մարդ,թող իրեն հարց տա՝ կարո՞ղ եմ ես ինքս նվեր գնել իմ երեխայի համար, մենք ընտրում ենք միայն այն երեխաներին, ում ծնողները իսկապես անկարող են, զոհված են, վիրավոր, տարհանված։ Եթե դուք այդ անապահով ընտանիքն եք, ապա գրեք»:
Ու մարդիկ գրում են:
«Ես շատ եմ ցանկանում, որ իմ մայրիկը ձեռքով լվացք չանի, եթե հնարավոր է, օգնեք մայրիկիս լվացքի մեքենայով: Մենք երեք երեխաներ ենք, ու բոլորս շատ կուրախանանք դրանով: Ու չմոռանաս՝ աշխարհին խաղաղություն: Կանխավ շնորհակալ եմ», — գրում է Տատյանան Սիս գյուղից:
«Բարև, իմ շատ սիրելի Ձմեռ պապիկ: Ձեզ է գրում Վահանը Արցախից: Դուք գիտեք,անցյալ տարի ես ձեզ նամակ չէի գրել, որովհետև տրամադրություն չունեի, դրա մասին դուք գիտեք և տեղյակ եք, թե ինչ է կատարվել իմ հայրենի Արցախում: Երկար մտածելուց հետո որոշեցի գրել, կցանկանայի ինձ համար լիքը հագուստներ բերեք, ու լիքը փափուկ ձյուն, որ կարողանամ ընկերներիս հետ ձնագնդի խաղալ ու սահնակ քշել»:
«Բարև, ես Ռոբերտ Օհանյանն եմ,այս տարի ես քեզնից ցանկանում եմ Լուկա Կատոլիի «Մեսսի» գիրքը»: Ռոբերտը միակ երեխան է 500-ից ավելի արցախցիներից, ով գիրք է ուզել:
Մի փոքրիկ հադրութեցի գրել էր, որ ճամպրուկ է ուզում, Հայաստանի երեխաներից, մի մեծ ճամպրուկ, որ իրերը հավաքի, գնա գյուղի իր տունը: Մի արցախցի մանչուկ էլ Ձմեռ պապիկից իր հայրիկին էր ուզել, պատերազմում զոհված իր խորթ հայրիկին: Մտածել էր՝ էնքան հրաշագործ է ձմեռ պապիկը, որ կարող է նրան հետ բերել:
Կան փոքրիկներ, որոնք Ձմեռ Պապիկից նոր իրեր չեն ուզում, այլ իրենց հին տանը մնացած փափուկ խաղալիքներն ու սիրելի արջուկներին են ուզում, նկարներն ու իրենց սիրած շորերը, խաղալիք զենքերը, որոնք արդեն վաղուց չկան: Մի հաշմանդամ փոքրիկ էլ անակնկալ է ուզել Ձմեռ պապիկից.
«Բարև Ձեզ, ես Վահագն եմ, ճիշտ է, շատ երազանքներ ունեմ, բայց թողնում եմ ձեր հայեցողության տակ, թե ինչ կնվիրեք ինձ, թող լինի անակնկալ: Շնորհակալություն: Հաջողություն»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: