44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սերժ Հակոբքեխվյանը պարտդիր զինվորական ծառայությունն անցնում էր Հադրութում: հենց այդտեղ էլ նա զոհվել է,Հադրութի Նռան բաղեր կոչվող հատվածում։
Սերժի մայրը՝ Արմինե Կատարետյանը, ForRight.am-ի հետ զրույցում պատմեց՝ երեք ամիս էր մնացել, որը Սերժը բանակից վերադառնար․ ծնողները որդու համար արդեն հագուստ էին գնել ու Սերժի ցանկացած նվերը՝ ավտոմեքենան, որպես անակնկալ պահել էին, որ տուն գալով՝ բակում այն տեսնի, բայց Սերժի հետ կապված բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին․․․
Սերժի ծառայակիցները տիկին Արմինեին պատմել են՝ Սերժը շատ ընկերասեր էր, նա իր ընկերների հետ շատ տղաների կյանքեր է փրկել։
«Սերժն ու իր ըննկերները տեսել են, որ դիակների մեջ շարժվող տղաներ կան, չափազանց վտանգավոր տեղ է եղել, բայց թշնամուն ընդառաջ գնալով՝ նրանք փրկել են այդ տղաներին։ Սերժի հրամանատարը՝ Տարոնն ասում էր տղաները շատ վտանգավոր հատվածներում են կռվել,ասում էր վտանգը երբեք նրանց ետ չի պահել, գնացել են ու փրկել զինվորներին», — պատմում է Սերժի մայրը։
Հոկտեմբերի 1-ին Սերժն իր յոթ ընկերների հետ զոհվել է խրամատում ԱԹՍ-ի հասցրած հարվածից։
«Զոհվելուց մի օր հետո իմ տղային բերել են։ Երբ Սերժին տեսա, նա անճանաչելիորեն փոխվել էր՝ նիհարել էր, մազերը սպիտակել էին․․․ Նրա զոհվելուց հետո շատերը եկել ինձ ասել են՝ քո որդին մեզ օգնել է, ոմանք էլ Եռաբլուրում նամակներ են թողնում Սերժին։ Ամեն անգամ այնտեղ գնալիս նամակներ եմ գտնում, բերում եմ տուն, խնամքով պահում Սերժի հուշանկյունում», — պատմում է տիկին Արմինեն։
Մայրն ասում է՝ կարոտից ավելի սարսափելի զգացողություն չկա․ շատերին թվում է՝ ցավը կմեղմանա, կսպիանա, բայց այն գնալով ավելի է սաստկանում։
«Այն դպրոցում, որտեղ իմ Սերժը սովորել է, իր անունով դասասենյակ են բացել։ Երբ դպրոց եմ գնում կամ այլուր՝ տաքսու մեջ, երթուղայինում ճանաչում են ու հարցնում՝ Սերժի մա՞յրն եք։ Ոչ ոք չի ասում զոհված Սերժի մա՞յրն եք, մենք չենք համարում, որ Սերժը չկա։ աշխարհի ամենասարսափելի ցավն իմն է, բայց ես չեմ ուզում՝ ինձ խղճան։ Ես երկու որդի ունեմ՝ Սերժի ու Արտյոմի պես որդիներ, ինձ որևէ մեկը չպետք է խղճա», — ասում է տիկին Արմինեն։
Նա ցավ է զգում, երբ գիտակցում է, որ այլևս չի լսելու Սերժի ձայնը, երբեմն տեսանյութեր է դիտում, որ լսի որդուն, տեսնի նրան․․․․ Տիկին Արմինեն որպես սուրբ մասունքներ՝ պահում է որդու իրերը:
«Ես հիմա հասկանում եմ, որ Սերժն այլևս չի գալու, ես եմ գնալու․․․ Մենք երկնքում բացի իրենից ոչ ոք չունենք, մտածում եմ՝ Սերժը հիմա երկնքում միայնակ է, իմ կարիքն ունի։ Մի աղջիկ գրել էր՝ երկնքում մայրեր էլ կան, հոգ կտանեն տղաների մասին․․․ Երկնքում մի աստղ կա, որին ամեն գիշեր նայում եմ։ Ուր գնում եմ, այդ աստղն ինձ հետ գալիս է, ես հավատում եմ, որ դա իմ տղայի աստղն է», — ասում է տիկին Արմինեն՝ նշելով՝ գուցե, մարդիկ իրեն չհասկանան, բայց մեկ է, ինքը գիտի՝ չի սխալվում․․․
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմին Բալեյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: