Կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ

105

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի և կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: համապատասխան որոշումը հրապարկվել է e-gov.am-ում:

Ըստ որոշման՝ խորհուրդը կնախագահի ՀՀ արդարադատության նախարարը: Խորհրդի անդամները կլինեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, համաձայնությամբ նաև կլինեն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական պատգամավոր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, ՀՀ 8-րդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մանդատների բաշխմանը չմասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ, ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առնվազն երկու ընտրությունների մասնակցած կուսակցությունները: Խորհրդի անդամ կլինի նաև ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ:

ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարական համակարգի ամրապնդման, օրենսդրության կատարելագործման, դատաիրավական համակարգի զարգացման ոլորտներում ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում ՀՀ-ում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

Խորհրդի կողմից մրցութային ընթացակարգով ձևավորվելու և գործելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ կազմված հինգ անդամից: Հանձնաժողովի անդամների ընտրությունը կատարվելու է խորհրդի կողմից՝ խորհրդի գործունեության կարգին համապատասխան:

Ըստ որոշման՝ Արդարադատության նախարարը պետք է մեկամսյա ժամկետում կազմի և վարչապետի աշխատակազմ ներկայացնի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու և վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին վարչապետի որոշման նախագիծը: