Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ երեք ժամ փակ հանդիպումից հետո վեց կետից բաղկացած հիմնավորում է ներկայացրել, թե ինչու է պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը և սկսել անվստահության գործընթաց: Մարությանին պաշտոնից հեռացնելու գործընթացի մասին հայտնի դառնալոըց հետո իմքայլականները հրաժարվում էին հիմնավորել իրենց նախաձեռնությունը, դա արեցին միայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետո: Սա նշանակում է, որ Հայկ Մարությանին չեզոքացնելու «օպերացիան» անձամբ Փաշինյանն է ղեկավարում:
ՔՊ-ն Հայկ Մարությանին պաշտոնապես մեղադրում է՝ թիմից հեռանալու, պատերազմից հետո և ընտրությունների ընթացքում Փաշինյանին չաջակցելու, քաղաքապետարանում կոռուպցիան չվերացնելու համար, իսկ ոչ պաշտոնապես՝ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ»-ի միջոցով, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու համար:
«Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»,- այս տղերով եզրափակվում է ՔՊ-ի պաշտոնական հայտարարությունը, ինչը անուղղակի հաստատում է ՀԺ-ի պնդումները։ Մարությանն ու Քոչարյանական թևը հերքել են հանդիպման մասին տեղեկությունները: Հայկ Մարությանը ՔՊ-ից հեռանալու իր քայլը որևէ կերպ չի հիմնավորել: Այնուհանդերձ, փորձագիտական շրջանակները տարակուսելի են համարում այլ քաղաքական հայացքներ ունենալու պատճառներով Մարությանին պաշտոնանկ անելը:
«Որտեղ է գրված, որ քաղաքապետը, եթե տարձայնություն ունի քաղաքական թիմի հետ պետք է հրաժարական տա: Նրանք, որ իզմերը մերժելով քաղաքական թիմ էին ստեղծում չէին մտածու՞մ, որ այն կայուն չի լինելու, գաղափարական հիմք չկա, դուրս կգան անդամները»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Եթե Հայաստանը լիներ գոնե մի փոքր քաղաքակիթ երկիր, որտեղ կարևոր է ժողովրդավարությունն ու պարլամենտարիզմը, ապա, մինչ անվստահության գործընթաց սկսելը կհարցնեին նաև ժողովրդի կարծիքը, նշում է «Թրանսփարենսի Ինթրնեյշն Հակակոռուպցիոն Կենտրոն»-ի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը:
«Այս որոշումը կայացվել է թիմի կողմից, այլ ոչ թե ժողովրդի, քանի որ մենք ապրում ենք ՀՀ-ում: Որ ասում են ավագանին է որոշել, ինձ համար ծիծաղել է, քանի որ ավագանին չի որոշում, դա որոշվում է ավելի վերևներում: Ես չեմ կարծում, որ ավագանին այդքան նախաձեռնողականություն ունի»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:
Հեղափոխությունից հետո հասարակությանը սև ու սպիտակի բաժանած Հայկ Մարությանն, այուհանդերձ, առանցքային պաշտոն զբաղեցնող այն եզակի պաշտոնյաներից է, որը լինելով հեղափոխության ակունքներում Փաշինյանին հակառակ կարծիք հայտնեց: Չնայած, իշխանական մամուլն առանց փաստերի գրում է, որ Մարությանին հեղափոխության օրակարգից շեղել են գեներալները, որոնք Փաշինյանի հրաժարականն են պահանջում, բայց քանի դեռ այս տեղեկությունը չի հիմնավորվել փաստերով, կարելի է ենթադրել, որ Մարությանը պարտված Փաշինյանի քայլերն ամեն օր արդարացնելու փոխարեն սեփական տեսակետն է հայտնել՝ նրան չաջակցելով:
«Հայկ Մարությանի դեմ իշխանությունը նույն ոճ է պայքարում, ինչ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՓՇ-ն Նիկոլ Փաշինյանի դեմ»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանըև շեշտում՝ ինչ մեղսագրվում է դավադրական տեսություն է:
«Մեկ տարի առաջ էլ ասում էին Նիկոլ Փաշինյանը Ալիևից հինգ միլիարդ է վերցրել, այս դեպքում էլ նշում են Մարությանը թույլատրել է Քոչարյանի գրքի գովազդի պաստառները փակցնել Երևանում կամ հանդիպել է նրա հետ, բայց քաղաքապետարանը դատարաններում պայքարում էր, որ գրքի գովազդը չտեղադրվի»,- ասաց Իոաննիսյանը:
Մարությանի և Փաշինյանի միջև, այսպես կոչված, կապի խզման մասին պարզ դառրձավ հետպատերազմական իրավիճակում, երբ Երևանի քաղաքապետը հանրային միջոցառումներին վարչապետի կողքին չէր: Մարությանն այդպես էլ չմիացավ Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛, ապագա» արշավին: Դանիել Իոնաննիսյանն անընդունելի է համարում տարաձայնությունների պատճառով անվստահություն հայտնելու գործընթացը:
Այնուհանդերձ, Վարուժան Հոկտանյանն ուշադրություն է հրավիրում Հայկ Մարությանի կողմից առաջ քաշած սևերի ու սպիտակների թեզի մասին և ընդգծում, որ քաղաքապետի պաշտոնակությունն իր իսկ կանոններով է տեղի ունենում:
«Հիշենք, թե նա ոնց եկավ իշխանության, ինչ քարոզ տարավ սևերի ու սպիտակների, ինչ ակտիվությամբ էր միտինգներին մասնակցում և ղեկավարում, բնականաբար, այս մոտեցումներից ելնելով, արդարացի է հրաժարականի պահանը: Այն առոմով, որ ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում, արդարացի չէ»,- ասաց նա:
ՔՊ-ն Հայկ Մարությանի փոխարեն առաջարկում է Հրաչյա Սարգսյանին: Նա Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն է, ավագանու անդամ է դարձել «Առաքելություն» կուսկացությունով, սակայն, անհայտ պատճառներով լքել է այս կուսակցությունը: Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն ավագանու նիստի օրակարգ ընդգրկելու համար անհրաժեշտ է 33 ստորագրություն, բայց հավաքվել է 40-ը:
Ըստ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 9-րդ գլխի՝ որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10։00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: