Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը:Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝
— երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,
— բնակության վայրում (տանը, բնակարանում),
— Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),
— անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),
— հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,
— լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
— ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,
— առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,
— հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,
— հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,
— կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,
— դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: