«Ավրորան» և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կօժանդակեն պատերազմից տուժած բնակչությանը

117

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Սուրբծննդյան տոնավաճառի հասույթը (մոտ 25.000 ԱՄՆ դոլար) կուղղեն Հայաստանում ապրող տեղահանված մարդկանց աջակցության ծրագրերին: Բարեգործական տոնավաճառը տեղի ունեցավ 2021 թ. դեկտեմբերի 12-ին: Միջոցառման հիմնական գործընկերն էր «Թովմասյան» հիմնադրամը: Սուրբծննդյան տոնավաճառին մասնակցեց ավելի քան 80 գործընկեր՝ գրեթե կեսը՝ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններ, ներառյալ՝ ՄԱԿ-ի եւ «Ավրորայի» շահառուները:

Ավելի քան 1.000 մարդ այցելեց բարեգործական տոնավաճառ, որտեղ վաճառվում էին հայկական արտադրության տարատեսակ ապրանքներ՝ միջոցներ հանգանակելու մարդասիրական ծրագրերին եւ նպաստելու բարի գործին: Սուրբծննդյան տոնավաճառի մաս էր կազմում նաեւ Նվերների փոխանակման ծրագիրը, որին կարող էր մասնակցել ցանկացած ոք: Հաջողակ մասնակիցներին, որոնց անունները հայտնի դարձան տեղում, սպասում էին տոնավաճառի կազմակերպիչների եւ գործընկերների կողմից առաջարկվող ավելի քան 30 հետաքրքիր նվերներ: Մասնակիցներից շատերը նախընտրել էին իրենց նվերները փոխանցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին եւ ամանորի տոներին ընդառաջ հաճելի անակնկալ մատուցել հայ զինվորներին: Երկու գլխավոր նվերներից մեկը՝ բացառիկ հրավեր 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, որտեղ էլ այն անցկացվի, ստացավ Ռոզա Նավոյանը, իսկ վերոնշյալ զինվորներից մեկը՝ Սերյոժա Ծատրյանը, կմասնակցի Հայաստանում ՄԱԿ-ի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանգանակված միջոցները կուղղի Հայաստանում մարդասիրական եւ զարգացման ծրագրերին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստացված հասույթը կուղղի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սննդի ապահովման ծրագրին: Այն կիրականացվի «Աժդահակ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության (Գավառ) հետ համագործակցությամբ Հայաստանի այն գյուղական համայնքներում, որտեղ այժմ ապրում են տեղահանվածները:

Ձմռանը սննդամթերք (կարտոֆիլ, կաղամբ, պանիր եւ այլն) կտրվի սոցիալապես խոցելի ընտանիքներին: Իսկ կարտոֆիլի մշակմամբ հետաքրքրված մարդկանց կտրամադրվի Գավառի բարձր որակի կարտոֆիլի սերմացու: Ակնկալվում է, որ այս նախագծից կօգտվի ավելի քան 3.200 մարդ: