Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Դավիթ Խաչատրյանի  ծնողները չէին ցանկանում վերհիշել անցյալ պատերազմն ու վերապրել ցավը: Դավիթը նրանց միակ որդին էր:

Դավիթի մասին հիշողություններ պատմեց նրա մոր` Նառա Խաչատրյանի բարեկամուհին` Ժաննա Ավետիսյանը:

Ժաննան պատմում է, որ Դավիթը  2019թ. զորակոչվել է բանակ`Արցախի Հանրապետություն, Հադրութ: Ծառայությունը Դավիթն անցել է Նուբարաշենի հատուկ  ջոկատայինի զորամասում, որտեղ սովորել է դիպուկահարի պատրաստման մարտական հատուկ ծրագիրը: Այնուհետեւ նա ծառայությունը շարունակել է Հադրութում: Սեպտեմբերի 27-ից  Դավիթն  եղել է առաջնագծում, պաշտպանել է Վարանդայի դարպասները, երեսունհինգ օր մասնակցել է թեժ մարտերի:

«Նրան ջոկատում  անվանել են  «Չղջիկ », որովհետեւ ողջ պատերազմի ընթացքում  զորամասի համար Դավիթը սնունդ, հագուստ է հայթայթել, պոստից պոստ է գնացել, ուտելիք, սիգարետ տարել: Պատերազմի ժամանակ  Դավիթն ասել է, որ կենաց-մահու պայքար են մղելու,  բացառել է դիրքը լքելը: Նա հենց հանուն դիրքի, հայրենիքի էլ կենաց-մահու պայքար մղեց: Երբ Դավիթենք վիրավորվել են անօդաչու սարքի հարվածից, ինքն իր մի քանի ընկերներին ճանապարհել է, մի ընկերն անգիտակից է եղել, չի թողել նրան մենակ: Դավիթին  հետո  «Շտապ օգնության »  մեքենայով են տեղափոխել, որում  էլ նա մահացել է հոկտեմբերի 31-ին, Հադրութում: Նրա վերջին խոսքերն էլ եղել են` մա՛մ ջան, կներես, ընկերներին էլ ասել է`մորս մենակ չթողնեք: Խելագարի պես սիրում էր Նառային:  Բոլորին էր սիրում, էնքան սեր կար նրա մեջ: «Սիսական » ջոկատի տղաները կռվել են Դավիթի հետ, եւ իրենից  տարիքով մարդիկ նրան համարում էին իրենց ընկերը: Ցավոք, մեզ մնում է միայն ապրել այն մեղքի զգացումով, որ այսօր Դավիթի նման շատ լուսավոր տղաներ չկան…   »,- ասում է Ժաննան:  

Պատերազմի ժամանակ Դավիթը հարազատների հետ խոսելիս գրեթե ոչինչ չի ասել:

«Միայն Հադրութից դուրս գալիս ասել է`մեր տունը թողեցինք, դուրս եկանք, իսկ այդ ընթացքում  մենք Արծրուն Հովհաննիսյանի ստերն էինք լսում, որ Հադրութը մերն է, չի հանձնվել: Մենք այն ժամանակ հավատում էինք Արծրունին, որն ամեն օր ասում էր` հաղթելո՛ւ ենք, հաղթո՛ւմ ենք արդեն: Բոլորս  ՖԲ-ի մեր էջերում տեղադրել էինք, որ  «Հաղթո՛ւմ ենք»: Եվ ի՞նչ եղավ… »,- հարցնում է Ժաննան:

Ինչպե՞ս է պատկերացնում Ժաննա Ավետիսյանը հայ-թուրքական  բարի դրացիական հարաբերությունները, որը պատերազմից կարճ ժամանակ անց նորից  մտել է  Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ:

«Ես թուրքի հետ ապրե՞մ, ես չեմ պատկերացնում այդ բարի դրացիական հարաբերությունները, ո՞րն է դա: Մենք տեսե՞լ ենք, չէ՞, եղեռնը: Իսկ վերջին պատերազմը ես համարում եմ եղեռնից ահավոր: Հավասար ուժեր չէին միմյանց դեմ պայքարում, եթե այդ ուժերը հավասար լինեին, հաստատ հաղթելու էինք: Սա ծախված պատերազմ էր, ես չեմ համարում, որ տղաները պարտվել են: Հավասար ուժեր չեն եղել, ամեն օր մի սահման, մի տարածք ենք տալիս, ի՞նչ է սա նշանակում: Ո՞ւմ համար զոհվեցին մեր տղաները, որ իշխանության մեջ  մի քանի հոգի  որոշեն, տարածք հանձնե՞ն, իրենց  ձեռնտու օրենքներ գրե՞ն:»,- հարցնում  է  Ժաննան:

Պատերազմից հետո էլ շատ հարցեր են տանջում Ժաննային: Նրա համար անհասկանալի է, թե պատերազմի ժամանակ ինչու են կամավորներին հետ ուղարկել, ասել, որ նրանց կարիքը  չկա: Մի օր նա Էջմիածնում տեսել է կամավորների երեք ավտոբուս, որոնց հետո հետ են ուղարկել: Թե ինչու են հետ ուղարկել` իրեն անհայտ է մնացել, ինչո՞ւ են թիկունքը թուլացրել: Ժաննայի կարծիքով` ամենամեծ դավադրությունը, դավաճանությունը հենց պատերազմն էր, որը պետք է կանխվեր:

Եվ վերջում… մի պահ է եղել, որ կռվող տղաները մտածել են, թե կարող է զոհվեն, մի լուսանկար ունենան պատերազմական օրերից, Դավիթն ասել է, որ ինքը նկար ունի, եւ այդ նկարն էլ տեղադրել են նրա հուշաքարին:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest