Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ պաշտոնյաների քաղաքական հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ նրանց հայրենադարձման գործընթացի վրա: Երեկ այսպիսի կարծիք է հայտնել միջազգային երկու հեղինակավոր դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ճիշտ է նա չի մասնավորեցրել հարցը, բայց նախորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով գերիների մասին, ասել էր, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի և գերիները պետք է դատվեն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը առանց այդ հետաքննության արդյունքների հայտարարել էր, թե «էդ գերիները էն մարդիկ են, որոնք զենքը դրել ու փախել են, էդ գերիներին համարում եմ, որ էլ չկան»։
Հայաստանի քաղաքական առաջին դեմքերի հնչեցրած հայտարարությունները քաղաքական են և դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ Բաքվում պահվող գերիների վերադարձի վրա:
Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են՝ նոյեմբերի 16-ին, Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն։
Կալանավորված 4 զինծառայողներից մեկը եղել է դիրքի պատասխանատուն, մյուսը՝ ավագը, իսկ հաջորդ երկուսը՝ դիրքի դիտորդները։
Դիրքերը թողած 5 զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։
Նախկին ռազմագերիների նկատմամբ քրեական գործի հարուցման և կալանավորման վերաբերյալ Forrights.am-ը զրույցել է առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ։
<Այս ամենը շարունակությունն է այս իշխանությունների այն քաղաքականության, որ ուղղակի քայքայեն մեր բանակը։ Ասեմ, թե ինչու եմ սա առաջին հերթին ասում՝ անհասկանալի չէ, շատ պարզ է, որ այն ամենը ինչ արվում է գերիների շուրջ ցավ է պատճառում ծնողներին, և ոչ միայն վերադարձած գերիների ընտանիքներին, այլ նաև այն ընտանիքներին, որոնց տղաները պետք է այս ձմեռային զորակոչին ուղարկեն բանակ>,- հայտնեց Ալավերդյանը։
Ալավերդյանի խոսքով իշխանությունները մատը մատին չեն խփում սահմանների անվտանգության համար, հակառակը՝ սկսում են պատժամիջոցներ կիրառել այն զինվորների կամ այն զինծառայողների նկատմամբ, որոնք հայտնվելով անելանելի վիճակում հայտնվել են գերության մեջ։ Ալավերդյանը համոզված է, որ զինգերիներից կորզում են կեղծ ցուցմունքներ։
<Նույն պատմությունը եղել է տարիներ առաջ, երբ զինդատախազ էր Գագիկ Ջհանգիրյանը։ Մինչև անգամ չեն տրամադրում հոգեբանական և ֆիզիկական օգնություն։ Պետք է նորից շեշտեմ, որ մանավանդ վերջին շրջանում գերության մեջ հայտնված զինվորները պատահական չեն հայտնվում այնտեղ, որովհետև նրանք դառնում են քաղաքական առևտրի ու մանիպուլյացիայի <առարկա>։ Այլ կերպ հնարավոր չէ ասել>,- հավելեց Ալավերդյանը։
Վերջինս նաև ընդգծեց, որ գերիները ոչ թե մեկ անգամ, այլ տարվա մեջ մի քանի անգամ՝ պարբերաբար պետք է անցնեն բուժզննում։ Նրանք պետք է լինեն պետության վերահսկողության տակ։ Ալավերդյանի գնահատմամբ սա անմարդկային, դաժան վերաբերմունք է սեփական ժողովրդի հանդեպ։ Սա հիշեցնում է ստալինյան տարիները, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերադարձած գերիներին անմիջապես ուղարկում էին Սիբիր։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով քրեական գործ հարուցելը նորմալ է։ Ղազարյանը նշեց, որ վերապահում ունի կալանքի վերաբերյալ, քանի որ ըստ իրավաբանի գուցե անհրաժեշտ չէր կալանքը։
Հարցին, թե արդյոք հայրենիք վերադարձած գերիները հոգեպես և ֆիզիկապես պատրաստ էին անցնելու քրեական գործով և կալանավորվելու, Ղազարյանը պատասխանեց․
< Սովորաբար քրեական գործ հարուցելիս հաշվի չի առնվում անձի հոգեկան կամ ֆիզիկական պատրաստվածությունը, բացառություն են կազմում խոցելի խմբերը՝ անչափահասներ, հաշվանդամություն ունեցող քաղաքացիները, կամ օրինակ թրաֆիքինգի ենթարկված կանայք, որոնց նկատմամաբ արդարադատությունը բավականին նուրբ է։ Մնացած դեպքերում հաշվի չի առնվում հոգեբանական վիճակը, քանի որ ամեն դեքում ազատությունից զրկելը հոգեբանական տրավմա է առաջացնում>,- ընդգծեց Ղազարյանը։
Մեր տեղեկություններով գերիների համար անսպասելի է եղել ձերբակալությունը, և նրանց թույլ չի տրվել հանդիպել իրենց հարազատների հետ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: