«Այս տարի մենք ունենք 60-ից ավելի մահվան դեպք բանակում խաղաղ պայմաններում,  և սա աննորմալ միտում է։ Անցյալ տարի եղել է 100 մահվան դեպք, որից 18-ը ինքնասպանություն է որակվել։ Այսպիսի թիվ մենք չենք ունեցել ոչ անգամ նախկինների ժամանակ, միայն 90-ականների պատերազմից հետո»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Խոսելով բանակում ոչ կանոնադրային հարաբերություններից՝ իրավապաշտպանը նշեց, որ  բանակը համակարգային փոփոխության կարիգ ունի, բայց դրանց միտումները չկան, որևէ քայլ չենք տեսնում։ «Սնունդը փոխեցին ու կարծեցին, թե մեծ բան են արել։ Բայց էդ մարդիկ պիտի ողջ մնան, չէ՞,որ սնունդից կարողանան օտվել։ Այս իշխանությունները ընդհանրապես որևէ կերպ չեն մտածում զինվորի մասին, և իսպառ բացակայում է պատասխանատվության գիտակցումը»։

Իրավապաշտպանի խոսքով՝ 4 տարի իշխանությունները եկել են ու բարեփոխումների մասին են խոսում, ընդ որում բոլոր ոլորտներում, օրինակ՝ բանակում բարեփոխման որևէ տրամադրություն չի եղել։ Ոնց եղել է բանակը, էդպես էլ մնացել է՝ չհաշված պատերազմից հետո, երբ ավելի է վատացել վիճակը։    

Որպես օրինակ՝ Ժաննա Ալեքսանյանը ներկայացրեց Ճամբարակից պայմանագրային զինվորի մահվան դեպքը՝ որովայնին  երեք կրակոցով և խոշտանգված ՝ համարելով այն արտառոց։ Նրա պնդմամբ՝ այս դեպքը նախ որակել էին զենքի հետ կանոնների խախտում, և հետո փոխել էին ինքնասպանություն։

«Այս 4 տարվա ընթացքում վարչապետը խոսե՞լ է այս դեպքերի մասին, ի՞նչ են անում, որ փոխեն այս վիճակը։ Սա նրա համար եմ ասում, որ կանգնած ԱԺ-ում՝ նա ցուցում էր տալիս գերիների դեմ, որ պետք է դատվեն , և հետևողական եղավ։ Թող մի անգամ էլ կանգնի այս դեպքերի մասին խոսի։

Հիմա նշանակվել է վարչապետի ամենասիրելի նվիրական մարդկանցից մեկը՝  Սուրեն Պապիկյանը,  իր պաշտոնավարումից ի վեր կա 4 զինվորի մահվան դեպք, և մի զինվոր ունենք՝ օրեր առաջ վիրավորում ստացած, որի վիճակը կայուն ծանր է գնահատվում։ Ի՞նչ է արել Սուրեն Պապիկյանը, որևէ ելույթ, խոսակցություն,  խորհրդակցություն, ոչ մի բան չեղավ։ Այսինքն զինվորները պետք է զոհվեն, և դա նորմալ է։ ՊՆ նախարարը պատրավոր է էդ ընտանիքներին, հանրությանը բացատրություն տալ, թե ինչ էր անում ինքը, երբ 4 զինվոր էր զոհվում,»- ասաց իրավապաշտպանն ու հավելեց, որ անընդհատ նախարարներ են փոխվում,  բայց մեկը չեղավ, որ մտահոգվի ներսում կրիմինալ մթնոլորտը փոխելու ուղղությամբ, ինպես նաև վերացնելու կոռուպցիոն, հանցավոր համագործակցությունը, որ ունեն բանակը, զորամասերի հրամանատարենրը, և քննչական կոմիտեն։

«Խաղաղության երկխողություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի համոզմամբ՝ այն տպավորությունն է, որ նույն գործողությունն է արվում, և ակնկալվում այլ արդյունք։ Նրա գնահատմամբ՝ խնդիրը համակարգային Է։ Երբ խոսում ենք բանակի մասին, առաջին հերթին պատասխանատվությունը ցանկացած դեպքի համար պետությանն է, անգամ այն դեպքում, երբ թշնամու կրակոցից է մահանում զինծառայողը, էլի պետությանն է պատասխանատվությունը, քանի որ կամ ինժեներական կառույցը չի ճիշտ կառուցված եղել, կամ զինվորի հրամանատարը չի հետևել, որ զինվորը հետևի կանոնադրություանը, որովհետև եթե ինժեներական կառույցները գործեին, զինվորները անեին ճիշտ ամեն ինչ, թշնամու գնդակից խոցվելու ռիսկը մինիմալ կլիներ։

«Պետության խնդիրն է բացահայտել բոլոր հարթության խնդիրները և միջոցներ ձեռնարկել։ Ես հստակ ուղերձներ եմ լսում զինվորական շտաբից, որ այս մահվան դեպքերը չեն հրապարակելու՝ այն հիմնավորումով, որ «մենք չենք ուզում թշնամուն ուրախացնենք»»։

Անդրադառնալով մահվան դեպքերը չհրապարակելուն՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց․

«Ի՞նչ ա նշանակում չեն հրապարակելու։ ՊՆ-ում լո՞ւրջ մտածում են, որ Ադրբեջանը չունի այդ տվյալները, իրանք ավելի լավ ու արագ ունեն այդ տվյալները, քան դուք էիք ի վիճակի հավաքագրել ներսում պատերազմից առաջ ու հետո։ Եթե դուք չգիտեք, չի նշանակում, որ դիմացինը չգիտի։ Եթե չեք հրապարակում այդ տվյալները, ես չգիտեմ դուք ում եք ծառայում, դուք այդ պետությանը չեք ծառայում։ Սա նորմալ չէ»։

Ինչ վերաբերում է քննչական մարմինների գործունեությանը, իրավապաշտպանը նշեց, որ խնդիրը անպատժելիությունն է։ Քննչական մարմիններում գործերը հանձնվում են նորից նրանց, որոնք այդ գործերը քննել ու կոծկել էին։

«Այս իշխանության փոխնախարարներից մեկը հայտարարեց, որ քաղաքացիական հասարակությունում կան մարդիկ, ովքեր հրճվում են, երբ զոհի մասին տեղեկություն են ստանում, ավելի անբարոյական արտահայտություն չէր կարելի անել։

Մինչ այսօր բանակի հետ կապված քաղաքացիական հասարակությունը ընկալվում է որպես թշնամի, ավելի աբսուրդային միտք չի կարող լինել, քանի որ մեր զավակներն են ծառայելու բանակում, իրանցը՝ չէ։ Բացի նրանից, որ մենք մեծ իմաստով նպատակ ունենք, որ պետությունը կայունանա, նաև մենք երեխա ունենք էնտեղ ուղարկելու։ Մեզ զենքի տեսակ ու քանակ պետք չի, մեզ պետք ա իմանալ՝ ինչ բարեփոխումներ եք անում, որ մենք շարունակում ենք ունենալ խնդիրներ՝ նույն դրսևորումներով,»- հավելեց բանախոսը։

Նինա Կարապետյանցի խոսքով՝ եթե հիմա համեմատական անցկացնենք, թե պատերազմից առաջ որտեղից էին հիմնականում գալիս մահերը, կտեսնենք, թե ինչի ենք պատերազմում պարտվել, ինչի են եղել հետ նահանջները, որտեղից են սկսվել զինվորներին անտեր թողնելը ու հրամանատարների փախնելը։ Այստեղ կտեսնեք ուղիղ կապը առանձին մի մարդու իրավունքի և պետության անվտանգության միջև։

Մանրամասները՝ տեսանյութում

Pin It on Pinterest