«Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, հրամանատրությունը հայ զինվորի նկատմամբ ցուցաբերում են մեծագույն անպատասխանատու վերաբերմունք»

1217

Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

Պարոն Ղուկասյան, Հայաստանում կալանավորվել են Ադրբեջանից վերադարձած գերիներ, արդյո՞ք այս շրջանում նման գործընթաց սկսելը տեղին է:

-Ես չունեմ բավարար տեղեկություն ասել՝ շինծու է այդ մեղադրանքը կամ քաղաքական դրդապատճառներով է առաջադրվել զինծառայողներին, որովհետև ծանոթ չեմ գործի հանգամանքերին: Բայց կա հետևյալ հանգամանքը՝ մարդիկ հանձնվում են գերի որոշակի պայմաններում, երբ դիմադրության հնարավորություններ  սպառված  են և նահանջելու հնարավորություն չկա, կամ, երբ հանկարծակի են հայտնվում այդ վիճակում: Օրինակ թշնամու հատուկ գործողությունների պատճառով և ուղղակի անակնկալ վիճակի են գալիս զինծառայողները: Կա, իհարկե, դեպք, երբ զինվորները հանձնվում են հակառակորդին, որպեսզի չկռվեն, որովհետև չունեն շառժառիթ հրամանատարների հրամանները կատարելու…Երբ, գաղափարը, ինչի համար են կռվում իրենց համար հարազատ չի կամ այլ պատճառով:

Պատերազմի ընթացքը բազմաթիվ գործոններից է կախված:  Պետք է հասկանալ նրանք ինչ վիճակում են հայտնվել, ինչու են այդպիսի վիճակում հայտնվել, հայտնվել են, քանի որ ի սկզբանե այդպես է կազմակերպվել իրենց ծառայությունը կամ իրենք ստացել են սխալ հրահանգ, որը ի վիճակի չեն եղել կատարել: Մեր դիրսկուրը հիմա շատ պրիմիտիվ է, գերիների հարցը քաղաքականացվեց վարչապետի հայտնի հայտարարությունից եւ ԱԺ նախագահի վերջերս հրապարակված տեսանյութից հետո:

Հիմա ասել՝ ճի՞շտ է, թե՞՝ սխալ կալանավորումը: Այս հարցին պատասխանելու համար պետք է պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 14-16-ին, պետք է ցույց տային քարտեզներով, որպեսզի հանրությունը ունենար պատկերացում, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր նման պատկերացում չկա, կա Նիկոլ Փաշինյանի կարծիքը, որին ես չեմ վստահում:

Ինչու՞ չեք վստահում:

Բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում՝ իրեն հարմար վիճակներում: Օրինակ, Ամուլսարի հարցում: Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ «Էլարդ» ընկերությունը դրական եզրակացություն է տվել հանքը շահագործելու համար, մենք հրապարակեցինք զեկույցը, որտեղ երևում էր, որ եզրակացությունը բացասական է: Սա խաբեությու՞ն է, իհարկե, խաբեություն է: Արցախյան պատերազմի հարցում ևս գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ներկայացնում իրողությունները: Նիկոլ Փաշինյանի և մեր զինվորական վերնախավի նկատմամբ ունեմ անվստահություն՝ տեսնելով իրենց գործողությունները, թե ինչպես են իրենք այս մեկ տարվա ընթացքում կազմակերպել շփման գծի աշխատաքները: Դիրքերը խոցելի են, հակառակորդի հատուկ ջոկատայինները երբ ուզեն կարող են հատուկ օպերացիա անել եւ մեր առաջնային դիրքերում գտնվող զորքերն այդ առումով շատ խոցելի են, կարող են եւ շրջապատվել,  անակնկալի բերվել:

Ճիշտ դատողություններ անել այդ զինվորների նկատմամբ, որ հայտնվեցին թշնամու գերության մեջ, հնարավոր կլինի անկողմնակալ մարմնի կողմից տրված գհատականի դեպքում: Այսօր ո՛չ դատախազությունն է այդպիսին, ո՛չ քննրական մարմիններն են այդպիսին, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանն է այդպիսին:

Արդյունքում ստացվում է, որ գերեվարվածները Բաքվի բանտերից հայտնվում են Երեւանի բանտերում:

Հետևյալ տեսակետից կարող ենք նայել. կան շինծու մեղադրանքեր և կան իրավաչափ մեղադրանքեր: Հիամ ո՞րն է այս դեպքում. ես չեմ վստահում այս գործողություններին, որովհետև ոչ մեկ չի ուզում պատասխանատվություն կրել ոչ մի հարցի համար: Ես չեմ բացառում՝ քաղաքական դրդապատճառով մի քանի հոգու որոշեն ցուցադրաբար պատժեն, որ մյուս զինվորների համար լինի օրինակ:

Իսկ գուցե նաև նրա համար են այս գործերը, որ Ալեն Սիմոնյանը հանրության մոտ ամոթով չմնա, քանի որ նա էր «զենքը դնելու եւ փախչելու» մասին հայտարարել:

Ալեն Սիմոնյանը կյանքում  զենք ձեռքը չի բռնել, ես նկատի ունեմ մարտական զենք՝ մարտական դիրքերում: Ալեն Սիմոնյանի կարծիքը, թե ով էր ռազմական գործողությունների ժամանակ զենքը վայր դրել, ինչու էր վայր դրել, շատ պրիմիտիվ է: Այս իրավիճակում, երբ իշխանությունը խնդիր ունի արդարանալու 44-օրյա պատերազմում մեր պարտության համար, երբ խնդիր ունի արդարանալ մեկ տարվա ընթացքում առաջնագծի վատ կահավորման համար, օբյեկտիվություն իշխող ուժի կողմից ես չեմ ակնկալում:

Պատերազմից մեկ տարի անց առաջնագիծը կահավորվա՞ծ է այնքանով, որ զինծառայողը կարողանա դիմակայել թշնամուն, պոստը չհանձնել, չզոհվել կամ գերի չընկնել:

Այն շփման գիծը, որը ստեղծված է հիմա՝ հանցագործություն է: Այդ եղանակով պաշտպանել շփման գիծը ոնց որ ՀՀ Զինված ուժերը կազմակերպել են այդ պաշտպանությունը, դա հանցագործություն է: Յուրաքանչյուր միջադեպով կլինեն գերիներ, զոհեր և վիրավորներ: Իշխանությունները չցանկացան ծախսել լրացուցիչ գումարներ՝ տեխնիկական միջոցներով հսկողություն իրականացնել առաջնագծում, դրա փոխարեն զինվորներին լցրել են առաջնագծում՝ ադրբեջանական դիրքերից 200-300 մետր հեռավորության վրա: Սա ամենամեծ հանցագործությունն է: Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, հրամանատրությունը հայ զինվորի նկատմամբ ցուցաբերում են մեծագույն անպատասխանատու վերաբերմունք, իրենք թքած ունեն զինվորների եւ մեր պաշտպանության վրա: Երբ պարզվում է, որ զինվորները նման պայմաններում ի վիճակի չեն կատարել իրենց մարտական առաջադրանքը, հայտնվում են գերության մեջ, իսկ հետո իրենց դատում են: Սա ցինիզմ է: Հրաձիգին չեն նստեցնում թշնամուց 200-300 մետր հեռավորության վրա, այդպես չեն անում 44-օրյա պատերազմից հետո,  4000 հազար զոհից հետո էլի նույն բանն են անում, սա ծայրահեղ անպատասխանատվություն է:

Այդ սխալներն անողներն ինչու՞ պատասխանատվության չեն ենթարկվում:

Որովհետև մեր երկրում առհասարակ պատասխանատվություն չկա, երեսուն տարի չի եղել, իսկ հիմա բացարձակապես չկա: Մարդիկ զոհվում են պատերազմում, պատասխանատվություն չկա, առաջնագծում զոհվում են՝ պատասխանատվություն չկա: Դրա համար ՀՀ-ից արդեն մեկ մլն մարդ է հեռացել, իշխանական մարմինները ոչ մի բանի համար պատասխանատու չեն:

Նարեկ Կիրակոսյան