Օրերս Forrights.am-ը անդրադարձել էր Երասխում ադրբեջանական զինուժի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում զոհված զինծառայող Սամվել Ալավերդյանի ընտանիքի ծանր վիճակին: Պատմել էինք, որ զոհվածը բազում պարտքեր է ունեցել բանկերին ու վարկային կազմակերպություններին, որոնք նրա մահից հետո ծանր բեռ են դարձել երկու անչափահաս մեծացնող նրա կնոջ՝ Հասմիկ Ալավերդյանի ուսերին: Բոլոր կազմակերպությունները ներել էին զոհվածի պարտքը: ,
Երեկ Forrights.am զանգահարեց «ՎՏԲ Արմենիա» բանկի հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը և հատնեց, որ իրենց բանկը ևս լուծել է Հասմիկ Ալավերդյանի խնդիրը, պարզապես փաստաթղթային ձևակերպումներն են ուշացել:
«Հաճախորդին ասել ենք, որ նրա հարցը լուծված է» — ասաց բանկի ներկայացուցիչը: Հասմիկ Ալավերդյանը հաստատեց տեղեկությունը: «Զրոյականի թուղթ տվել են, ասեցին, որ հարկադիրի հետ էլ խնդիրը լուծել են», — ասաց Հասմիկ Ալավերդանը: Նա շնորհակալ էր ՎՏԲ-ին և բոլոր մյուս ֆինանսական կազմակերպություններին օգնության համար:
Հիշեցնենք, որ Սամվել Ալավերդյանը, ըստ նրա հարազատների, խրվել էր պարտքերի մեջ, և ստիպված էր պայմանագրային զինծառայության անցել, որպեսզի կարողանա փակել դրանք:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: