Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին հանդես է եկել ելույթով:
«Մեծարգո նախագահ Բայդեն,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Պատիվ ունեմ այսօր ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը Ժողովրդավարության գագաթնաժողովին։ Հայաստանի քաղաքացիները չեն թերագնահատում ժողովրդի կառավարման արժեքը։ Մենք դրա համար պայքարել ենք մեր նորագույն պատմության ընթացքում։ 1991-ին քվեարկելով անկախության օգտին՝ մենք նաև վերականգնեցինք բազմակուսակցական համակարգը և քաղաքական իրավունքների շրջանակը, որը կոչված է հզորացնել անհատ քաղաքացուն: Վերջին երեք տարիների ընթացքում հայերը երկու անգամ նախընտրել են ժողովրդավարությունն ավտորիտարիզմից: Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին։ Իսկապես, ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է:
Մենք հանձնառու ենք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով: Առաջ բերելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ մենք ծրագրում ենք կառավարման բարեփոխումներ և այնպիսի քաղաքականությունների իրականացում, որոնք կձևավորեն հավատ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների շրջանակներում։ Մինչև 2026 թվականը մենք նպատակ ունենք հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի, և Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի:
Մենք նաև դիտարկում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարը որպես ժողովրդավարական կառավարման հիմնասյուն և հանձնառու ենք ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտի և կենսունակ կանաչ տնտեսության կառուցմանը:
Ժողովրդավարությունն ամրապնդելու մեր ջանքերում մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների: Մեզ համար ամենամեծ մարտահրավերը մեր անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։ Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք»:
Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:
Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Երկօրյա քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: