Դեկտեմբերին վերադարձած 10 գերիներից հինգին ՔԿ֊ն մեղադրանք է առաջադրել

324

Դեկտեմբերի 4֊ին գերությունից վերադարձած 10 զինծառայողներից հինգը ձերբակալված են՝ ՔԿ֊ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Ադրբեջանից օրերս Հայաստան վերադարձած Նարեկ Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը տեղեկացրել է, որ դատարանը չի բավարարել իր պաշտպանյալին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Մյուս մեղադրյալներից երկուսի վերաբերյալ որոշում սպասվում է, որ կհրապարակվի վաղը։

Հիշեցնենք, Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք հարցաքննվել են՝ քրեական գործի շրջանակներում։