Արմեն Չարչյանն ազատ արձակվեց

61

«Արդարադատությունն այսօր հաղթեց՝ շնորհիվ իմ փաստաբանների։ Իրապես, այսօր ինձ համար շատ լավ օր է․ տրամադրությունս բարձր է, ոգիս միշտ շատ բարձր է եղել»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր որոշում կայացրեց Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը փոխել և խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորական անձեռնմխելիության մասով կայացրած որոշումը, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ 

Արմեն Չարչյանը նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջին քայլը լինելու է առողջությունը վերականգնելը։

«Շատ լուրջ առողջական խնդիրներ ունեմ․ այս հինգ ամսվա ընթացքում 24-25 տարվա դիաբետը իրեն շատ վատ ձևով ցույց տվեց: Բացի դա՝ քրեակատարողական հիմնարկում նաև երկրորդ ինֆարկտը ստացա։ Ուստի, պետք է առողջությունը վերականգնեմ»։