Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում բազմադրվագ քրեական գործ է քննվում, որի ընթացքում հիմնավորվել է. ” Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ.Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:
Պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որևէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար:
Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել և օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, տիրապետել, օգտագործել և տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրա իրական բնույթն ու հանցավոր ծագումը:
Մասնավորապես, Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք”:
Գասպարյանը մեղադրվում է քր. օր-ի միաժամանակ 5 հոդվածներով’ փողերի լվացում, պաշտոնեական դիրքի չարաշահում, յուրացում-վատնում, պաշտոնեական անփութություն, կեղծ հայտարարագրում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Գործով պատասխանող կողմ են՝ Վլադիմիր Գասպարյանը, նրա հարազատներն ու մերձավորները՝ Գասպարյանի կին Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին՝ Վլադիմիր Գասպարյան, դուստրըև զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը:
Սա շարունակությունն է մի գործընթացի, որը սկսվել էր դեռ ամռանը: Հիշեցնենք, որ վերջերս ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նոր օրենքով պետությանը իրավունք է վերապահվում բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը, եթե դատարանը որոշի, որ դրա շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն դրամը:
Հունիսին, ուսումնասիրություններ անցկացնելով նախկին ոստիկանապետին ու նրա ընտանիքի ունեցվածքի շուրջ, դատախազությունը արգելանք դրեց Գասպարյանի գույքի վրա, և այժմ ահա, ին չպես և պահանջում է հիշյալ օրենքը, մտել է դատարան:
Զուգադիպություն է, թե Գասպարյանի շուրջ օրեցօրե սեղմվող շղթայի ևս մի օղակ, բայց օրերս հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շրջապատից առնվազն երկու նախկին ոստիկանների կալանավորեց՝ Վարդան Մինասյանին և Վլադմիր Գասպարյանի տիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Չի բացառվում, որ հենց նրանք են ցուցմունքներ գրել Վովայի դեմ։ Ի դեպ, Վարդան Մինասյանին ժամանակին հենց Գասպարյանն էր խայտառակ ձեւով դուրս նետել համակարգից։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: