Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Վարուժան Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը՝ Վարուժան Ավետիսյանին արտերկիր բուժման մեկնելու թույլտվության մասին: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նկատելով, որ ներկայացված բժշկական փաստաթղթերում չկան հիմնավորումներ, որ Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում:
Առաջին միջնորդությունը վերաքննիչ դատարան է ներկայացվել օգոստոսի 27-ին` Գերմանական կլինիկայի հետ պայմանավորվելուց հետո, խնդրելով դատարանից թուլ տալ Վարուժան Ավետիսյանին մեկնել Գերմանիա բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ավետիսյանի մոտ առկա է Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշը։
Միջնորդությունների վերաբերյալ Forrights.am-ը զրուցեց Ավետիսյնաի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ։ Նա նշեց, որ երկրից դուրս գալու վերաբերյալ երկու միջնորդություն է ներկայացվել։ Առաջինը, որով դատարանը պետք է քններ ներկայացված հետազոտությունները, և երկրորդ միջնորդությունը անձնական երաշխավորությունն էր, որտեղ Հայաստանից և Սփյուռքից 92 անձիք, այդ թվում իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ անձնական երաշխավորություններ են ներկայացրել։ Պապիկյանը մանրամասնեց․
«Առաջին միջնորդությունը դատարանն ուսումնասիրեց 2,5 րոպե և մերժեց այն։ Նշելով, որ ներկայացված փաստերը հիմնավոր չեն, թեև միջնորդությանը կից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կային։ Իսկ 92 անձանց անձնական երաշխավորության միջնորդությունը դատարանն ընդհանրապես չի քննել, բայց գործի քննությունն արդեն ավարտվել է։ Ափսոսանքով եմ նշում, որ այն հիվանդությունը, որը կա Վարուժան Ավետիսյանի մոտ հանկարծակի կարող է առաջանալ և եթե շուտ հասցնեն վերակենդանացման բաժանմունք հնարավոր է փրկեն կյանքը, բայց որևէ երաշխիք չկա, որ հիվանդությունը կարող է կայծակնային զարգանալ և հնարավոր չլինի փրկել կյանքը։ Դատարանը կյանքի իրավունքի նկատմամբ շատ անտարբեր և անպատասխանատու վարվեց, երբ դատավորը դատարանի դահլիճում ասաց՝ «կարևորը ինքը կալանքի տակ չէ»։ Դատարանը կոպտորեն խախտել է մարդու կյանքի իրավունքը, և չեմ կարող չասել,որ մենք կարող ենք ունենալ երկրորդ «Հաց բերողի» օրինակը»։
Պապիկյանի պնդմամբ պաշտպանական խումբը ներկայացրել է մի քանի տասնյակ փաստաթղթեր, հետազոտություններ, էպիկրիզներ, խորը մասնագիտական փաստաղթեր, որոնք տրամադրվել են Հայաստանում և արտերկրում գործող մի քանի բժշկական հաստատությունների կողմից։
«Երբ դատարանն ասում է, որ բավարար հիշքեր չկան, սա նշանակում է, որ դատարանը անգամ չի թերթել մեր ներկայացրած փաստաթղթերը։ Զարմանք է առաջացնում, որ այդ բոլորը դատարանի համար հիմնավոր չեն եղել։ Այս ամենի գնահատականը մեկն է՝ քաղաքական հետապնդում։ Վարուժան Ավետիսյանը այս իշխանության իրական քննադատներից է և իր նկատմամբ կա հետապնդում»,- ասաց Պապիկյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ այս պահին պաշտպանական խումբը հնարավորություն չունի կրկին միջնորդություն ներկայացնելու, քանի որ Վերաքննիչ դատարանն արդեն ավարտել է գործի քննությունը։ Որոշման հրապարակումից հետո վարույթ ընդունող մարմնի բացակայության պայմաններում նոր միջորդություն հնարավոր չէ ներկայացնել։ Հավանական է, որ պաշտպանները դիմեն Վճռաբեկ դատարան։
Ասպրամ Փարսադանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: