ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երեկ դեկտեմբերի 7-ին հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցի կիրառման որոշումը։ Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը։ Չի բավարարել միայն մեկ պահանջ՝ Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։ Փոխարենը ՄԱԿ-ի դատարանն պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ։
Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցիների, պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, գերեզմանների նկատմամբ։
Զուգահեռաբար, Դատարանը հրապարակել է նաև Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով միջանկյալ միջոցի կիրառման մասին որոշումը, որն ի տարբերություն հայկական դիմումի, բավարարվել է միայն մի փոքր մասով։ Այսպես, Հայաստանը պարտավորվել է կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ծագումով ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժել է Ադրբեջանի պահանջների մեծ մասը։
Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումը և անհամբեր սպասում է գործնականում դրա իրականացմանը Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»։
Դատարանի որոշումների վերաբերյալ Forrights.am-ը զրույցեց առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ։ Մեզ հետ զրույցում Ալավերդյանը շեշտեց, որ այն հղկված որոշում է։ Նա գտնում է, որ ճիշտ էր դատարան դիմելը և ճիշտ է նաև որոշումը, սակայն պետք է հասկանալ, թե ինչպե՞ս պետք է օգտագործել այս որոշումը։
«Դա պետք է արվի պառլամենտական, դիվանագտական, գործադիր իշխանության միջոցով, առնվազ ԱԳՆ-ն պետք է կարողանա օգտագործել տարբեր հարթակներում։ Հարցի մյուս կողմն այն է, թե ինչպես է այդ որոշմանն անդրադառնալու Ադրբեջանը, իմ կարծիքով՝ ոչ մի կերպ։ Այսինքն Ադրբեջանի համար որևէ նշանակություն չի ունենալու, այլ հակառակը՝ նրանք նույնպես բողոքներ են ներկայացնելու, ամբողջովին ստի և կեղծիքների վրա հիմնված, որով կհասնեն նրան, որ Հայաստանի դեմ նույնպես նման որոշում կայացվի»,- ասաց Ալավերդյանը, նշելով, որ դատարանն օգտագործել է հղկված և ընդունված ձևեր։
Անդրադառնալով այն հարցին, որ դատարանը գերիների վերադարձի պահանջ չի ներկայացրել, Ալավերդյանը շեշտեց, թե իր կարծիքով դատարանը նման պահանջով հանդես չի գալիս, որովհետև գիտի, որ դա չի իրականացվելու։
«Այսինքն դատարանի որոշումը ուղղակի տալիս է իրավիճակի գնահատականը։ Ընդհանրապես կա նման փորձ և դա այն ձևն է, որով որպես կանոն հանդես է գալիս Հաագայի դատարանը։ Չեմ կարծում որ որևէ ակնկալիք կարելի է ունենալ։ Դա անհաժեշտ քայլ էր, բայց ինձ համար ավելի անհրաժեշտ էր, որ Հայաստանը հանդես գար Թուրքիայի դեմ։ Չեմ ուզում ասել,որ այս ամենը իզուր է , բայց իզուր է, որ քայլեր չեն արվում Թուրքիայի դեմ, ինչը հստակ թույլ է տալիս խոսել հայկական կողմի պետական մակարդակով երկչոտ, կրավորական դիրքորոշման մասին»։
Անդրադառնալով երեկ մամուլում շրջանառվող տեսանյութին, որտեղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը խոսում է գերիների մասին, Ալավերդյանը նշեց, որ իրեն անհանգստացնում է, թե ինչ է տեղի ունենում ներպետական մակարդակում՝ ԱԺ խոսանակի հայտարարությունը, դրանից առաջ իշխանական պատգամավորներից մի քանիսի հայտարարությունները, թե Ադրբեջանում լավ են վերաբերում գերիներին։ Այս ամենի վերաբերյալ առաջին ՄԻՊ-ը հայտնեց ի վրդովմունքը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ընդգծեց, որ դատարանի որոշումն այնպիսին է, ինչպիսին կանխատեսվում էր։
«Դատարանը միայն որոշում է կայացրել այն կետերով, որոնց վերաբերյալ իրավասություն ունի, այսինքն թույլատրում է խտրականության բոլոր ձևերի կանխման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան։ Երկրորդը զգուշություն է ցուցաբերել, որպեսզի չհայտնվի օբյեկտիվ- կանխակալության դիրքերում։ Այս իմաստով մաքսիմումը, որը սպասում էինք դատարանից իրականացել է, այսինքն հիմնականում նախականխել հնարավոր խախտումները, որոնց դրդապատճառը կարող է լինել ռասսայական խտրականությունը։ Գերիների վերադարձը այս շրջանակի մեջ չի կարող տեղավորվել»։
Ղազարյանը հավելեց,որ Հայաստանը հետագայում ուշադիր մոնիթորինգ է անելու Ադրբեջանում ներքին զարգացումներին, որտեղ նոր փաստերի ի հայտ գալուն պես պետք է պարբերաբար տեղեկացնի, նոր փաստեր ուղարկի։
«Այնտեղ կար կետ, որտեղ նշվում էր,որ Ադրբեջանը պետք է ապահովի գերիների անվտանգությունը ,դա պետք է հասկանալ հետևյալ կերպ՝ կա բավարար ապացույց, որ ռազմագերիների նկատմամբ բռնություններ կան, որոնք իրականացվում են ոչ թե նրա համար, որ ռազմագերի են, այլ այն պատճառով, որ հայ ռազմագերիներ են։ Ինչու է դատարանը նման որոշում կայացրել, որովհետև բավարար ապացույցներ փաստեր կան»,- ասաց Ղազարյանը ։
Մեր հարցին, թե ինչ ազդեցություն կունենա դատարանի որոշումը այս պահին Ադրբեջանում գտնվող գերիների կյանքի վրա մասնագետը նշեց, որ այն Ադրբեջանի վրա որոշակի զսպող ազդեցություն կունենա։ Էական է նաև այն, որ Ադրբեջանը ռասիզմն օգտագործել է որպես պատերազմի գործիք, իրենք նույնպես խոստովանում են, որ երկար տարիներ երիտասարդների շրջանում ատելություն են սերմանել հայերի նկատմամբ։
«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ադրբեջանն էլ իր հերթին Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել, Ադրբեջանը ուշադիր մոնիթորինգ է անելու, թե Հայաստանում իրավապահ մարմինները ոնց են իրենց դրսևորում, երբ օրինակ սոցիալական ցաներում կամ այլ հարթակներում հնչի ատելության խոսք ադրբեջանցիների նկատմամբ։ Այդ դեպքում մեր իրավապահները պետք է քրեական գործ հարցուցեն, ինչը նախկինում չեն արել։ Ըստ երևույթին Ադրբեջանը որոշ դեպքեր կարձանագրի և պետական մակարդակում անգործությունը կներկայացնեն դատարան, որպես նոր հանգամանք կամ դատարանի որոշման չկատարում»։
Ասպրամ Փարսադանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: