Կրտսեր սերժանտ Դավիթ Իվանյանը իր վեց ծառայակիցների հետ զոհվել է 44– օրյա պատերազմի առաջին օրը` Հադրութի 105 դիրքում: Յոթ զինծառայողները դեռ ողջ են եղել, երբ սպան խուճապահար հեռացել է դիրքից, ապա կապ է տվել ու ասել, թե դիրքը կորցրել է, ինչից հետո հայկական կողմից այդ ուղղությամբ հազարավոր արկեր են ուղարկվել:
Դավիթի հայրը` Վյաչեսլավը պատերազմի մեկնարկի մասին իմանալիս եղել է ՌԴ-ում: Որդուց լուր չստանալով նա վերադարձել է Հայաստան եւ անմիջապես մեկնել Արցախ: Այնտեղ նա սկսել է սեփական հետաքննություն` պարզելու համար, թե ինչ է եղել որդու հետ եւ որտեղ է նա: Վյաչեսլավը հանդիպել է որդու դիրքից ողջ մնացած երկու զինվորների ու նրա սպայի հետ, որոնք նախ շատ բան չէին պատմում, բայց հետո խոսել են:
«Երբ սկսեցինք որոնողական աշխատանքները, ոչ մի տեղից ոչ մի տվյալ չկար: Վերջը հասա նրան, որ իմացա` դիրքում եղել են ինը զինվոր, մեկ սպա: Որպես վտանգավոր դիրք այդ սպային թողել էին էնտեղ, իմ տղան էլ եղել է դիրքի ավագը: Այդտեղից դուրս են եկել երեք հոգի` այդ սպան ու երկու զինվոր` Խաչատրյան Աշոտը ու Միդեյան Արամը: Երբ պատերազմը սկսվել է, մարտը վարել է Դավոն, որպես դիրքի ավագ: Երկու հոգու ուղարկել է աջ թեւ, այդ չպահվող հատվածը, որ մոտեցող տեխնիկային խփեն, իրանք յոթ հոգով մնացել են դիտակետի մոտ: Վերջը եկել է մի պահ, երբ Դավիթը եղել, սպային դիմել ա, ասել ա` իրավիճակն էնպես ա, որ մեր վրա 10- 12 տեխնիկա է գալիս, օդուժն է աշխատում, պիխոտն էլ հեսա կգա, մենք այս 10 հոգով բան չենք կարող անել: Բեր հետ գնանք Ռով, դիրքը չեզոք պահենք, մինչեւ թիկունքից օգնական ուժեր գան, որ նորից մեր դիրքը հետ վերցնենք: Սպայի պատասխանը եղել է` ես վերեւից հրաման չունեմ, ես քեզ չեմ կարող հրաման տամ հետնահանջի: Դավոն ասել է` ես հետնահանջ չեմ ասում, 300 մոտր հետ գնալ եմ ասում… սպան ասել է` չէ: Դանով գնացել է վեց զինվորների մոտ, ու սպան ասում է` էդ պահին իմ ուղեղը աշխատեց: Դա արդեն իր պատմածով: Ասում է` այդ պահին, որ Դավոն գնաց, իմ ուղեղը աշխատեց, ես գոռացել եմ` հետնահանջ, ու փախել եմ: Ու արտիլերիային կապ է տվել, որ 105 դիրքը կորցրել է ու դիրքի վրա գնացել է 4-5 հազար հատ սնարյադ»,- պատմում է զոհված զինվորի հայրը: Նրա խոսքով, բոլոր նշված տվյալները հաստատել է նաեւ գումարտակի հրամանատարի կապավորը, ում հետ եւս ինքը հանդիպել է: Իմանալով, որ նա Դավիթի հայրն է, կապավորը հարցրել է` այդ դիրքից կարողացել եք տղաներից գոնե մի ոսկոր գտնել:
Վյաչեսլավը սպային հարց է ուղղել, ինչի ՞ հիման վրա էր նա դիրքը կորցնելու մասին հայտնել, արդյո ՞ք նա յոթ տղաներից գոնե մեկին տեսել էր վիրավոր կամ զոհված, ինչին ի պատասխան նա ասել է. «Դե զոհված կլինեին»: «Փաստ է, որ տղաները այդ ժամանակ ողջ են եղել… Միդեյան Արամն ասում է` ես գոռում էի Դավոին` Դավո, դուրս եկեք, ուշ ա, Դավո, դուրս եկեք, Դավոն էնտեղից գոռացել է` Միդեյան Խփի: Միդեյանը եղել է իրենց գռանատամյոտչիկը», — ասում է Վյաչեսլավ Իվանյանը:
Երկար բանակցություններից հետո 2020 թ-ի դեկտեմբերի 15 –ին ԱԻՆ ծառայության աշխատակիցները եւ ռուս սահմանապահներ մտնել են Հադրութի այդ դիրքը եւ հողի տակից հանել են յոթ զինծառայողների դիերը: Արդյո ՞ք արկերի պայթյուններից են տղաների դի երը մնացել հողի հաստ շերտոի տակ, թե ՞ թշնամու զինվորներն են նրանց հուղարկավորել` հայտնի չէ:
Վյաչեսլավի խոսքով` որդու դիրքի սպան այսօր շարունակում է իր ծառայությունը, ավելին, բոլորովին վերջերս դիմում է գրել, որ դառնա վաշտի համանատար: Իմանալով այդ մասին, Դավիթի հայրը կապվել է համապատասխան կառույցների հետ եւ ասել, որ եթե նշված զինվորականը իր ծառայության մեջ անգամ մեկ քայլով առաջ գնա, ինքը հետամուտ կլինի, որ քննություն սկսվի ու քրեական գործեր հարուցվեն:
Դավիթի մայրը Հասմիկ Միքայելյանը ասում է, որ մինչ օրս չի հաշտվում որդու կորստի հետ, իսկ պատերազմի ժամանակ անընդհատ քաղցրավենիք էր պատրաստում, որ քաղցրը իր տուն լավ լուր բերի. «Բայց չեղավ: Այդ օրերին Դավիթին գտան… նա ընկերուհի ուներ: Ինքն էլ է ասում` ես գիտեմ, Դավոն կա, գալու է…»:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: