«Ջուր եք ծեծում․ ձեր աշխատանքն է ցույց տալիս դա»․ գերիների հարազատների բողոքի ակցիան

64

Գերիների և անհետ կորածների հարազատները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Ազգային շենքի դիմաց՝ պահանջելով Ալեն Սիմոնյանից պարզաբանել իր ասածները։

«Պահանջում ենք հրաժարական՝ որպես թույլ իշխանություն, չեք կարում գործ անեք։ Ջուր եք ծեծում, ձեր աշխատանքն է ցույց տալիս դա։ Դուք մեր վիճակում լինեիք, ի՞նչ էիք անելու։ Մի տարի երկու ամիս ա` մեր էրեխեքից լուր չկա»,- գերիների հարազատները դիմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ Վերջինիս խոսքով՝ խմբակցության ղեկավարի միջոցով Ալեն Սիմոնյանին է փոխանցել գերիների ծնողների պահանջը՝ ԱԺ նախագահին հանդիպելու մասին։

«Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչ՝ ես ասում եմ, որ մեր գործիքակազմը օգտագործվում է հնարավորինս մաքսիմում ռեժիմով, եթե այդպես չեք գտնում, կարող եք առաջարկներ անել։ Եթե կա 10 միջոց, բոլորն օգտագործում ենք, թե ինչ արդյունավետություն է լինում, դա արդեն հարցի մյուս կողմն է»։

Գուրգեն Սիմոնյանի պնդմամբ՝  կան գործող ռազմական կանոնակարգեր, որոնց համապատասխան դրույթները նաև բացատրում են՝ ինչ բան է դասալիքը։

«Դասալիքի հետ կապված գնահատականը, որակավորումը կարող է տալ միայն համապատասխան քննությունը, արդյոք դասալիք է կոնկրետ զինծառայողը, թե ոչ։ Որակավորումները հռետորաբանության ոլորտից են, և դրանք հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն  քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն հնչեցնել։ Հրապարակային գործունեության մեջ քաղաքական գործիչները, հրապարակային գործիչները իրավունք ունեն այդ հռետորական արվեստի շրջանակներում ինչ-որ բան ասել, որը կարող է մարդկանց համար դիտարկվի որպես կանոն։ Դա կանոն չի»։

Գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները ցանկանում էին փակել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանության ծառայողները մի քանի շարքով փակեցին նրանց ճանապարհը: Նրանք հստակ պահանջ էին ներկայացնում՝  կամ Ալեն Սիմոնյանը պետք է ընդունի 20 հոգու, կա՛մ ինքն անձամբ պետք է իջնի և հանդիպի իրենց հետ: Արդյունքում, գերևարվածների հարազատները փակեցին Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին գաղտնի նկարահանված մի տեսանյութ է հայտնվել համացանցում, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ գերիները դասալիք են, իր համար գոյություն չունեն։ Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվել են Հանրապետության Հրապարակում՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են այս խոսքերը։